Լուրեր
Իսրայելը կոնկրետ շահագրգռվածություն ուներ Արցախի ու հատկապես նրա հարավային` մերձիրանյան հատվածի օկուպացիայի մասով, դա ակնհայտ փաստ է. Տիգրան Աբրահամյան
12.08.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության և դրանից հետո սպասվելիք հնարավոր հակահարվածի պայմաններում, իրանական շրջանակներում կրկին ակտիվացել են Արցախի օկուպացված հատվածներում իսրայելական գաղտնի ռազմական օբյեկտների տեղակայման և իրական սպառնալիքներ պարունակելու հանգամանքի քննարկումները:
Այն, որ Իսրայելը կոնկրետ շահագրգռվածություն ուներ Արցախի ու հատկապես նրա հարավային` մերձիրանյան հատվածի օկուպացիայի մասով, դա ակնհայտ փաստ է և նրա` Ադրբեջանին հատկացվող ռազմաքաղաքական աջակցությունն ընդգծված էր:
Մյուս կողմից, Արցախի դեմ պատերազմն ու նրա օկուպացիան ուներ նաև աշխարհաքաղաքական բնույթ բոլոր այն ուժերի համար, ովքեր փորձում էին Իրանի դեմ օղակը սեղմել և ճակատն ընդլայնել ու այսօր, առավել քան երբևէ, Ադրբեջանի գործոնն օգտագործվում է Իրանի դեմ օպերացիաներում` հետախուզականից մինչև հնարավոր գործողությունների նախապատրաստում:
Ադրբեջանն այս հանգամանքը փորձում է թանկով ծախել Իրանի թշնամիներին, ինչը որքան էլ առաջին հայացքից արկածախնդրություն է թվում, սակայն մինչև այս պահը հաջողվել է:
Իսկ ի՞նչ է այս ընթացքում արել հայաստանյան իշխանությունը. այո´, հեծանիվ է քշել, հետո էլի քշել, անընդհատ քշել, իսկ արանքում էլ` ֆեստիվալներ կազմակերպել»: