Լուրեր

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններով սկսելու է հարավկովկասյան ճակատում Ռուսաստան-հավաքական արևմուտք առճակատման բացահայտ փուլը

03.08.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը ֆեհսբուքյան իր էջում գրել է․

 «Հարավային Կովկասում Ռուսաստան-հավաքական արևմուտք հակամարտությունը դրսևորվում է մասնավորապես հյուսիս-հարավ ու արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքների նկատմամբ իրենց հակառակ դիրքորոշումներով: 

Եթե Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի Իրանով դեպի Հնդկական օվկիանոս հասնող Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացումը, ապա հավաքական արևմուտքը փորձում է խափանել այդ ծրագրի իրականացումը կամ իր վերահսկողության տակ պահել այն երկրները,  որոնցով անցնելու է այդ միջանցքը: Նմանապես եթե հավաքական արևմուտքի համար  չափազանց կարևոր է Ռուսաստանն ու Իրանը շրջանցող ու հարավային Կովկասով անցնող արևելք-արևմուտք ծրագրի միջին միջանցքի իրականացումը, ապա  Ռուսաստանը փորձում է խափանել դա, կամ  իր վերահսկողության տակ պահել այն երկրները,  որոնցով անցնելու է այդ միջանցքը: 
 
Միաժամանակ էական առանձնահատկություններ ունեն Հայաստանի ու Վրաստանի դիրքորոշումների կարևորությունները արևելք-արևմուտք ծրագրի միջին միջանցքի և Հայաստանով ու Վրաստանով անցնող հյուսիս-հարավ ծրագրի արևմտյան միջանցքի իրականացման առումով քանի որ. 
-արևելք-արևմուտք ծրագրի միջին միջանցքի իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն կամ Հայաստանի կամ Վրաստանի դրական վերաբերմունքը, իսկ այդ ծրագիրը խափանելու համար միաժամանակ և Հայաստանի և Վրաստնի ոչ դրական վերաբերմունքը, -հյուսիս-հարավ ծրագրի արևմտյան ճյուղի իրականացման համար անհրաժեշտ է և Վրաստանի և Հայաստանի դրական վերաբերմունքը, իսկ խափանելու համար կամ Վրաստանի կամ Հայաստանի ոչ դրական վերաբերմունքը: 
Այսինքն նշված ծրագրերի առումով իրենց նպատակներն իրականացնելու համար եթե հավաքական արևմուտքին բավարար է կամ Վրաստանի կամ Հայաստանի պրոարևմտյան դիրքորոշումը, ապա Ռուսաստանին անհրաժեշտ է և՛Վրաստանի, և՛ Հայաստանի պրոռուսական դիրքորոշումը: 
 
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններով սկսելու է հարավկովկասյան ճակատում Ռուսաստան-հավաքական արևմուտք առճակատման բացահայտ փուլը»:
 

← Վերադառնալ ցուցակին