Հուլիսի 31-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում մեկնարկեց հերթական ամենամյա ամառային ճամբարային տարին։ Ճամբարը հիմնադրվել է Գուգարաց թեմի երջանկահիշատակ առաջնորդ ՝Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնությամբ և ջանքերով։ Այն այս տարի բարեկարգվել և նորոգվել էր Գուգարաց թեմի և անձամբ նրա առաջնորդ՝Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ջանքերի շնորհիվ՝ հայ բարեպաշտ մարդկանց աջակցությամբ։ Ճամբարի բացումը իր ներկայությամբ պատվեց և ճամբարականներին ու ներկաներին օրհնության խոսք հղեց Գուգարաց թեմի Գերաշնորհ հոգևոր առաջնորդը։ Ճամբարականները ճաշակեցին հանուն Հայկական պետության և պետականության, նրա ապագա հաղթանակների ու վերափոխման համար, Գուգարաց թեմի և ՀՀԿ հոգևոր-մշակութային, գիտակրթական հանձնաժողովը կողմից կազմակերպված և մատուցված Սուրբ մատաղը։ Ապա ավանդական ճամբարային տողանին ճամբարական յոթը ջոկատները ճամբարի տնօրեն Սևակ Սարգսյանին զեկուցեցին իրենց մասնակցության մասին։
Ամառային ճամբարի ընթացքում ճամբարականները ձեռք են բերում հայրենաճանաչություն, ծանոթանում հայկական հոգևոր-մշակութային արժեքներին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոներին և սրբազան ավանդություններին, որը կարևոր է մեր ժողովրդի հայրենապաշտ և ազգասեր նորահաս սերնդին քրիստոնեական արժեքներով և հավատով կրթության ու դաստիարակության համար։ Այդ նպատակով ՀՀԿ հոգևոր-մշակութային, գիտակրթական հանձնաժողովը Գուգարաց թեմի հետ կազմակերպել էր նաև «Սա՛ Հայաստան է և վերջ» խորագրով համերգը։
Համերգային երեկոյին բացման խոսքով հանդես եկավ ՀՀԿ հոգևոր-մշակութային, գիտակրթական հանձնաժողովի նախագահ՝ Վոլոդյա Գասպարյանը, որն իր խոսքում հատկապես կարևորեց ճամբարի դերը նորահաս սերնդի հայրենասիրական կրթության և դաստիարակության մեջ։
Երեկոյին բանախոսությամբ հանդես եկավ և երեկոն վարեց մշակութային գործիչ, ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը։
Իրենց մասնակցությունն էին բերել և հեղինակային երգերի կատարումներով համերգային երեկոյին հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստներ՝Շուշան Պետրոսյանը, Դավիթ Ամալյանը, նրա որդին՝ Արման Ամալյանը, Արմեն Ներսիսյանը և Գոռ Մեծոյանը, նաև Վանաձոր քաղաքի «Տաթև» մշակութային կենտրոնի պարախումբը։
Երեկոյին ներկա էր ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Բազմաթիվ հյուրեր և մշակութային գործիչներ, ճամբարականների ծնողներ ,այդ օրը վայելեցին Հայոց Հայրենիքի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մշտարթուն զինվոր և հավատքի պահապան արտիստների լավագույն կատարումները։