Լուրեր

Կրկին շնորհավորում եմ ԱՌԱՎՈՏ-ի ողջ խմբագրակազմին և ամենայն բարիք եմ մաղթում․ Արտակ Զաքարյան

02.08.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«30 տարի առաջ, այս օրը լույս տեսավ ԱՌԱՎՈՏ oրաթերթի առաջին համարը:

1-ին համարից մինչև 10957-րդ համարը, “ԱՌԱՎՈՏ”-ը եղել է ինքնատիպ, հետաքրքիր ու բազմազան լրատվության աղբյուր:
 
Հայաստանի երրորդ Հանրապետության անկախությունից ի վեր, շատ ու շատ քաղաքական, պետական, հասարակական, մշակութային, տնտեսական, կրթական, հոգևոր և այլ ոլորտների հայտնի ու անհայտ գործիչներ, ԱՌԱՎՈՏ-ի էջերում փնտրել և գտել են իրենց բարի, դրական ու ոչ այդքան բարի ու ոչ այդքան գովելի կերպարները, արարքներն ու մտքերը:
 
Բազմաթիվ այլ լրատվամիջոցների կողքին, ԱՌԱՎՈՏ-ը եղել է մեր մեծ հասարակության խայտաբղետ հայելու իրական արտացոլանքներից մեկը: 
Ջերմորեն շնորհավորում եմ ԱՌԱՎՈՏ-ի պրոֆեսիոնալ ընտանիքին՝ իր հետևողական, անդավաճան ու պահանջված աշխատանքի համար: Ես չգիտեմ, թե ԱՌԱՎՈՏ-ի 50-ամյակի նախաշեմին, թերթի և/կամ կայքի էջերում Հայաստանի Հանրապետության և Արցախի մասին ինչպիսի հոդվածներ են լինելու, բայց որ ԱՌԱՎՈՏ-ը պետք է լինի, Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի մասին պետք է գրի բազմաթիվ դրական ու ոգեշնչող հոդվածներ, իսկ Արցախից ԱՌԱՎՈՏ-ի սեփական թղթակիցները պետք է նյութեր պատրաստեն՝ դա մաղթում եմ բոլորիս, և դրանում բոլորս պետք է առավելագույն ջանքեր ներդնենք:
 
Կրկին շնորհավորում եմ ԱՌԱՎՈՏ-ի ողջ խմբագրակազմին և ամենայն բարիք եմ մաղթում:»։
 

← Վերադառնալ ցուցակին