Լուրեր

Վիզաների գազարը և իրականության մտրակը

27.07.2024

 Չտեսնել Փարիզը և մեռնել

Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին Բրյուսելի որոշումը կանխատեսելիորեն քարոզչական և տեղեկատվական օպերացիաների թրենդային թեմա դարձավ Հայաստանում:

Այդ որոշումն իրոք երկար սպասված էր և դեռևս նախորդ իշխանությունների քաղաքական օրակարգի մաս էր Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Ավելին, 2017թ. նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որին մասնակցում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, եզրափակիչ հռչակագրում հարցին վերաբերող ձևակերպումը վիզաների ազատականացման երկխոսության անհապաղ և շուտափույթ մեկնարկ էր ենթադրում:

 
 

 

Այդ դեպքում ինչո՞ւ այս որոշումը կայացվեց գրեթե 7 տարի անց և հենց այս փուլում:

Տվյալ հարցերին ճշգրիտ պատասխանելու համար պետք է հստակ հասկանալ, որ երկխոսության մեկնարկի որոշման համար հարկավոր են երկու իրար լրացնող բաղադրիչ՝ տեխնիկական և քաղաքական:

Տեխնիկական բաղադրիչը ենթադրում է մի շարք պահանջների բավարարում հայցվոր երկրի կողմից և առանձին աշխատանք՝ ԵՄ անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ: Իսկ քաղաքական բաղադրիչը բացառապես ռեգիոնալ և գլոբալ մթնոլորտներից բխող ԵՄ ղեկավարության քաղաքական կամքն է արտահայտում:

«Թե ինչու սպասեցինք յոթ տարի» հարցի պատասխանը շատ հստակ է: Տեխնիկական առումով 2018թ.-ից հետո Հայաստանում իշխանության եկած ռեժիմը չուներ համապատասխան գիտելիք, պրոֆեսիոնալիզմ, հմտություններ՝ ժամանակին և որակով իրականացնելու պահանջվող աշխատանքների ծավալը:

Այս առումով ուզում եմ հիշեցնել, որ իրականում մեր երկրում առկա էր մեծ ինտելեկտուալ և արհեստավարժ ներուժ, որը, օրինակ, 2011-2013թթ. հսկայական աշխատանք տարավ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման փուլում, և դրա շնորհիվ բազմաթիվ ցուցիչներով Հայաստանը դիտվում էր որպես «գերազանցիկ երկիր»՝ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի համեմատ:

Ինչ վերաբերում է քաղաքական հարցին, ապա 2018թ.-ի «թավշյա, ժողովրդական» հեղափոխության» կուտը Բրյուսելը չէր կերել, իսկ «հեղափոխական տեսարանները» բավարար չէին ԵՄ-ի ղեկավարությանը Հայաստանի դիմաց կանաչ լույս վառելու համար:

Ինչո՞ւ հարցը դրական լուծում ստացավ հիմա:

Վերջին տարիների «եվրոպական» քարոզչությունը, որն իրականացվում է Փաշինյանի ռեժիմի կողմից, կարիք ունի որոշակի «հաջողությունների պատմության»:  Չէ՞ որ 2.6 մլրդ եվրոյի խոստացված ներդրումները դոփում են այս կառավարության ապիկարության պատճառով, ինչպես փաստացի խոստովանել էին ֆինանսների նախարարը և ԱԳՆ փոխնախարարը: Չէ՞ որ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան եռակողմ հանդիպման ընթացքում մեր երկրին խոստացված տարեկան մի քանի տասնյակ միլիոնի խոստումն ընդամենը ծիծաղ առաջացրեց Հայաստանում: Չէ՞ որ, ի հակառակ դեմոկրատական լոլոների՝ Արևմուտքը շարունակում է սատարել Ադրբեջանի բռնապետական ռեժիմին:

Ահա այս պայմաններում կայացվեց քաղաքական որոշում ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու մասին, որպեսզի Փաշինյանի ռեժիմին տրամադրվեն քարոզչական փամփուշտներ՝ գեոպոլիտիկ շրջադարձը շարունակելու համար: Ժողովրդական լեզվով ասած՝ այդ որոշումը ո՛չ հաց է ուզում, ո՛չ ջուր, և փաստացի ոչ մի բան չի արժեցել Բրյուսելի համար: Ենթադրվող երկխոսությունը տարիներ կտևի ոչ միայն՝ եվրոպական բյուրոկրատիայի, այլև նախևառաջ՝ գործող կառավարության ապիկարության պատճառով: Եվ դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվի, քանզի այս փուլում արդեն քաղաքական որոշում կայացնելը քիչ է լինելու, մինչև չապահովվեն ԵՄ-ի կողմից առաջադրվող բոլոր տեխնիկական պահանջները:

Լավ է, որ այդ որոշումը կայացվել է: Վատ է, որ այդքան ուշ: Էլ ավելի վատ է, որ որպես գեոպոլիտիկ գազար՝ օգտագործվում է մարդկանց ուղեղը լվանալու համար: Որովհետև գեոպոլիտիկ մտրակները միայն սաստկանալու են:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

168.am

← Վերադառնալ ցուցակին