Լուրեր
Ի՞նչ կարող է անել Հայաստանը, բայց չի անում
03.07.2024
Հայաստանի գործող ռեժիմը սեփական ձախողումները և դավաճանությունը սքողելու համար հաճախ է ճամարտակում «աշխարհում իրավիճակ է փոխվել» թեզի շուրջ:
Դնենք մի կողմ այն հանգամանքը, որ վերջին տասնամյակներում աշխարհը հա էլ փոխվել է, լարվել է, սրվել է, և Հայաստանը պարբերաբար հայտնվել է այդ փոփոխությունների ալիքի տակ: Սակայն ճշգրիտ արտաքին քաղաքականությունը մշտապես թույլ է տվել նվազեցնել դրանց ազդեցությունը Հայաստանի և Արցախի անվտանգության վրա և իրավիճակից դուրս գալ՝ առանց ճակատագրական կորուստների:
Այդպես էր 2008-ին ռուս-վրացական պատերազմի ժամանակ, այդպես էր 2012-13թթ. մեկնարկած սիրիական ճգնաժամի և դրա հետևանքների ժամանակ, այդպես էր 2014-ին Ղրիմի հարցի ժամանակ:
Այո՛, Արևմուտք-Ռուսաստան ներկայիս բախումն աննախադեպ է, սակայն Փաշինյանի կողմից տարվող գիծը նույնպես աննախադեպ է այդ համատեքստում, որովհետև ոչ մի այլ երկիր ընթացող գեոպոլիտիկ հրդեհում կամովին չի ինքնահրկիզվում, ինչպես նիկոլական Հայաստանը:
Ավելին, անգամ սրված կոնֆլիկտը ՌԴ-ի և Արևմուտքի միջև բացում է նոր հնարավորություններ հայկական շահերից բխող օրակարգն առաջ մղելու համար:
Հերթով թվարկենք կողմերի հիմնական փաստարկներն այդ գլոբալ հակամարտության մեջ և կհամոզվենք, որ ճիշտ աշխատանքի դեպքում ստեղծված իրավիճակը հայկական դիվանագիտության համար ուժեղ կռվաններ է պարունակում, որոնցից Փաշինյանը դիտավորյալ չի օգտվել և չի օգտվում:
Արևմուտք
1. Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի և հարգվի:
Ակնհայտ է, որ նման մոտեցումը պիտի օգտագործվեր Հայաստանի կողմից արևմտյան հարթակներում մեր սուվերեն տարածքներից ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող 200 քկմ-ի և թշնամու զորքերի հետքաշման հարցը կոշտ կերպով բարձրացնելու համար:
2. Պարտադրված խաղաղությունը պիտի բացառվի ռուս-ուկրաինական պատերազմում:
Այնինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների պարագայում նույն Արևմուտքը ջանք չի խնայում Ալիևի կողմից պարտադրվող պայմաններով «խաղաղության» պայմանագրին հասնելու համար, իսկ հայկական իշխանությունները հենց այդ նույն գծի ջատագովներն են:
3. Ուկրաինական ժողովրդավարությունն ագրեսիայի է ենթարկվում ռուսական բռնապետության կողմից, և դեմոկրատիան պետք է պաշտպանել:
Այս թեզի պրոյեկտումը մեր տարածաշրջանի վրա առավել զավեշտալի է դարձնում վիճակը: Չէ՞ որ Նիկոլը և նրա դրսի տերերն առայսօր տոնում են իբր ժողովրդավարական Հայաստանը, սակայն բացառապես մեր ներքին քաղաքական տրամաբանության մեջ: Այնինչ ռեալ քաղաքականության մեջ Արևմուտքը մատը մատին չի խփել բռնապետական Ադրբեջանին պատժելու համար: Նիկոլի «ժողովրդավարությունը» ոչ միայն չկա, այլև ունի զրո նշանակություն հայ-ադրբեջանական կոնֆլիկտում:
Ռուսաստան
1. Մոսկվան ստիպված է եղել սկսել СВО-ն՝ հայրենակիցներին պաշտպանելու և իրենց ինքնորոշման իրավունքը երաշխավորելու համար:
Դեռևս Ղրիմի հանրաքվեից սկսած ՌԴ-ն հետզհետե զարգացնում էր իր խոսույթը ժողովրդի ինքնորոշման իրավունքի թեզի շուրջ, իսկ 2022-ից այն դարձել է քաղաքական և լրատվական թրենդներից մեկը: Պուտինը, Լավրովը, Մեդվեդևը պարբերաբար բարձրացնում են Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի բնակիչների ինքնորոշման իրավունքի անքակտելիության մասին՝ հաճախ գրեթե բառացի օգտագործելով երկար տարիների ընթացքում Արցախի հարցով հայկական դիվանագիտության կողմից մշակված և բարձրաձայնված թեզերը: Այս ֆոնի վրա Նիկոլի թեթև, ավելի ճիշտ՝ դավաճան ձեռքով «Ղարաբաղը Ադրբեջան է» թեզը գրեթե անարգել շրջանառվում է ռուսական մեդիաներում: Ողջ հարգանքով հանդերձ՝ ո՞ւր էին Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնն ու Զապորոժիեն, երբ Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի համաձայն՝ ինքնորոշվել էր և պաշտպանում էր իր այդ իրավունքը:
2. Ուկրաինան աղավաղում է պատմությունը, խեղում է իրականությունը, կեղծիքներ է տարածում, և դրա դեմը պետք է առնել:
Ադրբեջանը վաղուց է դարձրել պատմության աղավաղումը պետական քաղաքականություն, որի գագաթնակետն է Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելը: Հայկական դիվանագիտության ճիշտ աշխատանքի դեպքում կարելի էր նաև այս ուղղությամբ ամրապնդել հայկական դիրքերը Մոսկվայում, այնինչ արվում է ճիշտ հակառակը:
3. Ուկրաինան ոչնչացնում է մշակութային և հոգևոր հուշարձանները, հատկապես՝ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված կամ Ռուս Ուղղափառ եկեղեցուն պատկանող:
Բառացի նույն բանն անում է Ադրբեջանն Արցախում՝ քանդելով Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանները հայկական բնակավայրերում՝ ոչնչացնելով կամ ուծացնելով Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող հոգևոր կոթողները: Այս ֆոնին՝ զրո ջանք Երևանի կողմից՝ Մոսկվայում այս թեման բարձրացնելու ուղղությամբ:
Ես փորձեցի թվարկել կողմերի հիմնական քարոզչական և հակաքարոզչական թեզերը, որոնք սկզբունքայնորեն կարող էին օգտագործվել Հայաստանի կողմից սեփական շահերը պաշտպանելու համար: Համաշխարհային գլոբալ ճգնաժամը ստեղծել էր նաև նոր հնարավորություններ, որոնցից հայկական գործող ռեժիմը դիտավորյալ և գիտակցված չի օգտվել և չի օգտվում:
Ինչ վերաբերում է «հսկաներին», ապա նրանք կշարունակեն օգտվել Փաշինյանի անատամ և անպատիվ քաղաքականությունից՝ ելնելով սեփական շահերից և դրսևորելով կրկնակի ստանդարտներ Ուկրաինայի և հայ-ադրբեջանական հակամարտություններում:
Բայց նրանցից նեղանալ պետք չէ. Նիկոլին վարչապետ հանդուրժող ժողովուրդը ոչ մեկին պռոշ անելու իրավունք չունի…
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
01.07.2024թ.
168.am