Լուրեր

ԵԽԽՎ-ն հայտնվել է ՀՀ իշխանությունների և Բաքվի լոբբիի ազդեցության տակ. նախկին նախարար

28.06.2024

Դավիթ Հարությունյանը որոշ հեգնանքով հայտարարեց, որ ԵԽԽՎ երեկվա զեկույցը Հայաստանի վերաբերյալ գրվել է արհեստական բանականության միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. ԵԽԽՎ-ն հայտնվել է Հայաստանի կառավարության և ադրբեջանական լոբբիստական շրջանակների ազդեցության տակ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է արդարադատության նախկին նախարար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով Հայաստանին վերաբերող երեկվա բանաձևը։
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը ԵԽԽՎ-ի քննադատությամբ է զբաղվել դեռ այն տարիներին, երբ գլխավորում էր այդ կառույցում Ազգային ժողովի պատվիրակությունը: Նա դեռ այն ժամանակ ասում էր, որ ԵԽԽՎ-ն չի կատարում իր առաքելությունը, այլ սպասարկում է տարբեր խաղացողների և երկրների շահերը։
 
«Եթե նախկինում շատ ակնհայտ էր ադրբեջանական լոբբիի ազդեցությունը նման զեկույցների պատրաստման ժամանակ, ապա այժմ նույնքան ակնհայտ է ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ նույն ադրբեջանական լոբբիի ազդեցությունը»,–նշեց նա:
Նրա բնութագրմամբ՝ ԵԽԽՎ զեկույցը երեսպաշտության գլուխործոցն, որովհետև այն, ինչ նկարագրվում է այստեղ, ընդհանուր լղոզված բառեր են։
Հարությունյանը Հայաստանի իշխանությունների գործողություններին ԵԽԽՎ–ի զգալի չափով լոյալ գնահատականները որակել է «կոռուպցիոն տարր» և երեսպաշտության գլուխգործոց։
«Ես բավական երկար մտածում էի, թե ինչպես կարող են զեկուցողները, որոնք լավ պետք է իմանան այն երկիրը, որի մասին գրում են, գրեն այնպիսի անհեթեթություն, որ խորհրդարանում այսուհետ պետք է պաշտոնների նշանակումը անցկացվի 2/3–րդով։ Պարզ է, որ 2/3–րդն ունի գործող իշխանությունը, իսկ իրենք նկարագրում են դա որպես քաղաքական ուժերի համագործակցություն»,-հավելեց Հարությունյանը։
Նա նաև որոշակի հեգնանքով ենթադրեց, որ փաստաթուղթը գրվել է արհեստական բանականության միջոցով. ԱԲ–ին հանձնարարվել է երկրի մասին զեկույց կազմել, առանձնապես չքննադատել իշխանությանը կամ ընդհանրապես չքննադատել։
Քաղաքական գործիչն ինքն էլ նման փորձ է կատարել` դիմելով արհեստական բանականության «օգնությանը», արդյունքում ստացել է գրեթե նույն կողմնակալ տեքստը։
Պայմաններ են ապահովում դատական համակարգի հախից գալու համար. Դավիթ Հարությունյան
Ինչ վերաբերում է ադրբեջանական լոբբիի ազդեցությանը, ապա Հարությունյանն ուշադրություն հրավիրեց նաև այն բանի վրա, թե ինչ ձևով է բանաձևում ներկայացվում Բաքվի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների համատեքստում։ Այնտեղ չկա ոչ «ագրեսիա» բառը, ոչ էլ «էթնիկ զտում» բառակապակցությունը։ Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական բանակը «հանգիստ» մտել է Լեռնային Ղարաբաղի տարածք։ Նրա խոսքով ՝ պարզ է, որ այդ տեքստի մշակման ժամանակ, առնվազն Ղարաբաղին վերաբերող հատվածում, դեր է խաղացել ադրբեջանական լոբբին։
Հիշեցնենք, որ բանաձևն ընդհանուր առմամբ աջակցություն է հայտնում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին ՝ ի հեճուկս անվտանգության հետ կապված խնդիրների: Փաստաթղթում ասվում է, որ գործելով միջազգային բարդ մթնոլորտում՝ Հայաստանը շարունակել է բարեփոխումների հավակնոտ ծրագիրը:
ԵԽԽՎ-ն նշում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տեղահանումից հետո վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության որոշ հանրահավաքներ ուժային բնույթ են ստացել. տեղի են ունեցել ցուցարարների կողմից պետական շենքեր ներխուժելու փորձեր: ԵԽԽՎ-ն գոհունակությամբ նշում է, որ այս բոլոր իրադարձությունների ժամանակ ոստիկանության հետ բախումները չեն հանգեցրել զոհերի, ի տարբերություն 2008թ.մարտի 1-ի դեպքերի, որոնք հանգեցրին 10 մարդու մահվան:
Կազմակերպությունը նաև կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի ձերբակալված բոլոր ներկայացուցիչներին, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին:
 
arm.sputniknews.ru

← Վերադառնալ ցուցակին