Լուրեր

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՍԿԵ ՁԿՆԻԿՆ Է, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐԸ

26.06.2024

 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պասիվացումը կրկին ակտիվացրել է իշխանություններին։ Մի կողմից, փորձում են ներկայացնել, թե շարժումը «մարում է», մյուս կողմից՝ իրենք ակտիվացել են․ սկսել են փողոցներում հաճախ երեւալ, ցույց տալով, թե երկրում ամեն ինչ կարգին է։ Ակտիվացրել են նաեւ իրենց էջերը, Փաշինյանը մի քանի ժամվա ընթացքում մի քանի տեսանյութ է տեղադրում Ֆեյսբուքում, Տիկտոկում, շարունակում է հեծանիվ-շոուները, ԱԺ նախագահն էլ Տելեգրամում է փորձում ընդդիմությանը նախկինների հետ կապել, անգամ՝ իրենց ծնած ու սնած Հայկ Մարությանին, ով նախկինների օրոք ընդամենը սիթքոմների դերասան էր։ «Ի՞նչ եք կարծում, կաթողիկոսի օրհնությամբ եւ «դաշնակցի» օգնությամբ քաղաքական հաջորդ փուլում ո՞ւմ դեմքով հանդես կգա քոչարյանասերժական ընդդիմությունը»,- Տելեգրամում իր ոչ մեծաքանակ լսարանին հարցրել է խորհրդարանական պետության ԱԺ նախագահն ու անուններ առաջարկել՝ Արման Թաթոյան, Լեւոն Քոչարյան, Հայկ Մարության, Արշակ Կարապետյան, Անդրանիկ Թեւանյան, Սամվել Շահրամանյան եւ, իհարկե, Բագրատ Գալստանյան:

 
Իշխանությունը փորձում է «քոչարյանասերժական» ներկայացնել բոլոր նրանց, ովքեր երբեւէ կհավակնեն իշխանության։ ՔՊ-ն, ըստ էության, արդեն սկսել է պայքարել 2026 թ․ ընտրությունների իր հնարավոր մրցակիցների դեմ։
 
«Իշխանությունն արդեն իր շաբլոնն ունի՝ ցանկացած պայքարի մասնակից մարդկանց այդ ձեւակերպումն են տալիս՝ «քոչարյանասերժական»։ Ախր, Ռոբերտ Քոչարյանն իր անցած ճանապարհն ունի, Սերժ Սարգսյանը՝ իր, այսինքն՝ տարբեր ժամանակաշրջանների ղեկավարների մասին է խոսքը, եւ ամբողջ ժամանակաշրջանը նույնացնելը եւս իրենց գործելաոճի մի մասն է։ Երբ ասում են՝ անցած 30 տարիները, փորձում են ամբողջականացնել թերություններն ու ձախողումները՝ առանց հաշվի առնելու նախորդ այդ տարիների հաջողություններն ու ձեռքբերումները։ Ժողովրդի վրա ազդելու ձեւերից մեկն է դա՝ իրենց ձախողումների ամբողջ պատասխանատվությունը դնել նախորդ իշխանությունների վրա՝ է՛լ կղերաֆեոդալներ, է՛լ չգիտեմ ինչ»,- ասում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ըստ նրա, նախ պարզ է, որ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած քվեարկությանը ՔՊ-ական խմբակն է մասնակցելու, բացի այդ՝ անհասկանալի է ցանկը եւ «քոչարյանասերժական» ձեւակերպումը։ «Եթե մարել է շարժումը, ինչո՞ւ է իշխանությունն ամբողջ օրն այն սեւացնելու գործին լծված։ Եթե մարել է, ինչո՞ւ էիք կրակում ժողովրդի վրա, ձերբակալում, քրեական գործեր հարուցում, մեքենաները տանում հատուկ պահպանման վայր, արցախցիների նկատմամբ հատուկ ընդգծված վերաբերմունք դրսեւորում՝ հայհոյանքներ, սպառնալիքներ․․․ Պետական համակարգում տեռորն եք շարունակում, թե հանկարձ ձեր բարեկամները չմասնակցեն շարժմանը»։ 
 
«Իրենք վախերի մեջ են ապրում՝ հերթական հայրենադավ գործողություններից առաջ փորձում են հասարակության ուշադրությունը շեղել։ Խոսվում է Տիգրանաշենի, Տավուշի մարզի եւս 4 գյուղերի, Գեղարքունիքում զիջումների ու միջանցքի մասին։ Պատահական չէ, որ թիմակիցների հետ հանդիպմանը Փաշինյանը խոսում է այն մասին, թե 30 տարի մենք ենք ադրբեջանցիների կյանքը դժվարացրել, հիմա իրենք են այնպես անում, որ մենք լավ չապրենք։ Այսինքն՝ նա մեր ժողովրդին մեսիջ է տալիս, որ նոր արհավիրքներ են սպասվում, որ այս զիջումների ու անպատվության ժամանակաշրջանը շարունակվելու է։ Իրենց գործելաոճն է, փորձում են հասարակության ուշադրությունը շեղել, մեղքի բաժինը նախկինների վրա գցել, բայց անգամ Փաշինյանի խոսքն է դրան հակասում՝ եթե 30 տարի նախկիններն Ադրբեջանի կյանքը դժոխք են սարքել, եթե թշնամին անպատվություն է ունեցել, մենք՝ պատիվ, եթե իրենք հպարտ չեն եղել, սա ցույց է տալիս, որ բոլոր նախկին իշխանությունները կոնկրետ այդ հարցում ճիշտ ճանապարհին են եղել, եւ մենք իսկապես արժանապատվություն ենք ունեցել։ Փաշինյանի իշխանության ժամանակ մենք զրկվել ենք այդ ամենից»,-ասում է մեր զրուցակիցը։
 
Ինչ վերաբերում է 2026-ին, Դանիելյանը չի կարծում, որ իշխանությունները կհասնեն հերթական ընտրություններին: «Իրենք շատ ավելի շուտ իշխանությունից կհեռացվեն, եւ դա կլինի ՀՀ-ի փրկությունը, որովհետեւ այն ճանապարհով, որով իրենք տանում են, երկիրը մինչեւ 2026թ․ չի ձգի։ Այս գործելաոճը նոր չէ՝ բոլոր շարժումներն ու ընդվզումները, մարդկանց, որոնք դրանց մեջ են, փորձում են մրոտել, ցեխ շպրտել, անվանարկել․ մեկին՝ գործակալ, մեկին՝ նարկոբարոն, 5-րդ շարասյուն․․․ Բայց այս պիտակավորումները հերքում են հենց իրենց գերատեսչություններն ու ծառայությունները՝ նույն ԱԱԾ-ն, որը պատասխանել էր գործակալ լինելու մեղադրանքներին։ Նույնը՝ Տավուշի մարզում, երբ դատախազությունն ասաց, որ տվյալ տարածքների նկատմամբ վկայականներն օրինական են։ Նախ թող իրենց ստերի պատասխանները տան։ Սա էլ այդ անպատասխանատվության դրսեւորումներից է, իրենք գործում են դեղին մամուլի ոճով ու այդպես էլ երկիրն են ղեկավարում։ Իրենց միակ զենքը մանիպուլյացիան է»,-համոզված է պատգամավորը։ Փաշինյանը, հիշեցնենք, Հանքավանում՝ ՔՊ քաղաքական ժողովի ժամանակ ասել էր․ «Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ պիտի վրեժս քեզանից լուծեմ, եւ սա ամենամեծ մարտահրավերն է, որը պիտի հաղթահարենք»։
 
«Ինչպիսին ղեկավարն է, այնպիսին էլ նրա ԱԺ նախագահն է, եթե ղեկավարը սիմինդ ա ուտում, հեծանիվ քշում, խմում-քնում, նա էլ այդ պլինտուսից ցածր գրառումը պիտի անի»,- Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հարցման մասին ասում է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Նա կարծում է, որ Հայաստանում չկա իշխանություն, կա խմբակ, որը մեկ օրակարգ ունի՝ Հայաստանի վերջնական թուրք-ադրբեջանականացում։ «Երկրորդ եւ երրորդ նախագահներին թիրախավորում են, որովհետեւ դեռեւս 2018-ին Բոլթոնից՝ հավաքական Արեւմուտքից ու Թուրքիայից պատվեր են ստացել՝ ջարդել բոլոր պատմական կաղապարները, իսկ պատմական կաղապարներ ասելով՝ նկատի ունեն Հայաստանի Հանրապետության արժեքային հիմքերը՝ հայկական Արցախը, Ցեղասպանության ճանաչումը, Անկախության հռչակագիրը եւ եկեղեցու բացառիկ դերը։ Այդ արժեքներն առավելապես պաշտպանում են 2-րդ եւ 3-րդ նախագահները, նրանց թիմերը, նրանց հետ ասոցացվող  քաղաքական ուժերը։ Նրանցից են վախենում, իսկ բոլոր քաղաքական դերակատարների համար պատիվ պիտի լինի, որ իրենց ասոցացնեն 2-րդ ու 3-րդ նախագահների, նրանց քաղաքական թիմերի, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի, տո առաջին նախագահի հետ․․․ նրանք հաղթանակ պարգեւածներ են, հաղթանակի խորհրդանիշներ՝ ՔՊ-ականների ահուսարսափ Ալիեւին պարտության մատնածներ՝ ե՛ւ մարտի դաշտում, ե՛ւ դիվանագիտության մեջ»,- ասում է Շարմազանովը եւ հիշեցնում՝ Ալիեւն էր ասում, որի առաջ ծնկի է եկել Փաշինյանի իշխանությունը, որ 30 տարի շարունակ Ադրբեջանը պարտված էր բոլոր միջազգային հարթակներում։ 
 
«Հայաստանի նախկին իշխանությունները քուն ու դադար չեն տալիս մե՛կ Ալիեւին, մե՛կ նրա շահերը սպասարկող նիկոլիստական ռեժիմին, իսկ այն, որ ընդդիմության ու ժողովրդի մասին սարկազմով են խոսում՝ կտեսնենք, ճտերն աշնանն են հաշվում»,- ասում է Շարմազանովը եւ նկատում, որ իշխանությունը մի կողմից փորձում է ջարդել ընդդիմադիր դաշտը՝ կեղծ ընդդիմադիրներ, ընդդիմության ընդդիմություն ստեղծելով, որոնք քննադատում են ընդդիմությանը, կամ հավասարության նշան դնում ընդդիմության ու Փաշինյանի միջեւ։ Դրանք Փաշինյանի հաճախորդներն են, որոնց միջոցով նա փորձելու է վերարտադրվել։ Ըստ Շարմազանովի՝ յուրաքանչյուրը, ով դեմ է այս իշխանության կործանարար քաղաքականությանը, պետք է մեկ բան գիտակցի՝ գործ ունենք ոչ թե Փաշինյանի ու ՔՊ-ի, այլ նրանց հովանավորների, նրա թիկունքին կանգնած Թուրքիայի ու ՆԱՏՕ-ական ուժերի հետ։ «Փաշինյանը Թուրքիայի համար ոսկե ձկնիկ է, նա Հայաստանի երրորդ հանրապետության գերեզմանափորն է ու Արցախը հանձնելուց հետո սկսել է ջարդել մեր հոգեւոր ողնաշարը՝ պատմական Հայաստան, իրական Հայաստան, որ Ադրբեջանը պիտի մուռ հանի մեզնից` 30 տարի պարտված լինելու համար։ Այս հիմարությունները թուրքական բովանդակություն են, իսկ իրենք, իհարկե, կուզեն ընտրությունների պատրաստվել, բայց Նիկոլ Փաշինյանով ընտրության գնալն ինքնախաբեություն եւ ինքնասպանություն է։ Պետք է պայքարել, որ 2026-ի հերթականին չհասնենք, նրա վարչապետությամբ հերթական ընտրությունները լինելու են հերթական ֆարսը»,- եզրափակում է Շարմազանովն ու հիշեցնում, որ Աստված ժպտում է պայքարողներին, իսկ չպայքարելու այլընտրանքը ուրացումն ու թրքացումն է։

Մարիաննա Ղահրամանյան
hraparak.am

← Վերադառնալ ցուցակին