Լուրեր
Որպես ՀՀ քաղաքացի, ես գնահատում եմ ԱՄՆ կառավարության ջանքերը․ Արտակ Զաքարյան
04.06.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԱՄՆ կառավարության աջակցությամբ, վերջին տարներին ոստիկանությունում իրականացվել են մի շարք “բարեփոխումներ”: Չգիտեմ, թե բերետավոր ոստիկանների ստորաբաժանումներում հատկապես ինչն է բարեփոխվել: Սակայն, համակարգային “բարեփոխումներն” ակնհայտ են, հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաների և այլ հանրային միջոցառումների ժամանակ՝ նրանց նկատմամբ բիրտ ուժ կիրառելով, հայհոյելով, հրմշտոցներով, անհիմն ձերբակալություններով, խոշտանգումներով, ոստիկան ներկայանալով՝ անհայտ ուղղությամբ քաղաքացիներին տանելով, պատգամավոր ծեծելով և այլն:
Որպես ՀՀ քաղաքացի, ես գնահատում եմ ԱՄՆ կառավարության ջանքերը՝ իմ երկրի ոստիկանության բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու համար: Միաժամանակ նաև ցանկանում եմ հետևյալ հարցն ուղղել. արդյոք ձեր աջակցությամբ "բարեփոխվող" ոստիկանությունը, հավասարապես պե՞տք է ծառայի նաև ընդդիմադիր հայացքներով քաղաքացիների իրավունքների պահպանմանը, թե ընդդիմադիրների պարագայում նրանք վերածվում են սովետական միլիցիայի (ի դեպ՝ սովետական միլիցիան քաղաքական հայացքների կամ ակցիաների համար, այլախոհ մարդկանց գոնե փողոցում չէր ծեծում կամ քաշքշում):
Առ այսօր, միջազգային որևէ կազմակերպություն կամ ՀՀ-ում իր առաքելությունն իրականացնող որևէ դեսպանություն, ձայն անգամ չի հանել ոստիկանական դեմոկրատիայի վերածված Հայաստանում տեղի ունեցող իրավախախտումների վերաբերյալ: Այնպես, ինչպես շատ հետևողականորեն արվում էր նախորդ իշխանությունների օրոք: Ես դա հասկանում եմ, որովհետև այս իշխանությունները հավատարիմ մարիոնետի պես ծառայում են նաև օտարերկրյա շահերին: Բայց մեր շատ ու շատ քաղաքացիների համար այդ լռությունը դիտվում է որպես անընդունելի թողտվություն:
Այսպես շարունակվելու դեպքում, մարդիկ կարող են պնդել, որ հավաքական Արևմուտքի կողմից քաջալերվող դեմոկրատիան, աստիճանաբար վերածվում է կեղծ կատեգորիայի»: