Լուրեր
Կիրանց-Աճարկուտ ինչ որակի ճանապարհ ենք ունենալու 2 ամսում, արդյո՞ք կկրկնվի Տաթև-Աղվանի ճանապարհի պատմությունը
21.05.2024
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը միջազգային ստանդարտներին համապատասխան:
«Ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաև բեռնատարների համար: Ճանապարհը շահագործման կհանձնվի 2 ամսում»,- գրել է նա:
Այս ճանապարհին Հանրային ՀԸ եթերում անդրադարձել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշել է, որ մինչև Կիրանց-Աճարկուտ ճանապարհի շինարարության ավարտը՝ այն ճանապարհը, որը հիմա կա, նախնական պայմանավորվածությամբ շարունակելու է գործել, կա նաև փոխարինող ճանապարհ։
«Դա մինչև Կիրանց հասնելն Աճարկուտ գնացող և հետադարձով դուրս եկող ու հանրապետական ճանապարհին միացնող հատվածը, որի շինարարությունն ավելի վաղ էր նախատեսված՝ անկախ այս գործընթացից»,- նշել է Գնել Սանոսյանը։Որքանով է հնարավոր 2 ամսում ունենալ Կիրանց-Աճարկուտ որակյալ և «միջազգային ստանդարտներին համապատասխան» ճանապարհ՝ աչքի առաջ ունենալով Տաթև-Աղվանի ճանապարհի՝ հիմնանորոգումից ամիսներ հետո քանդվելու փաստը, որը փոխարինել էր Գորիս-Կապան ճանապարհին, «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ հարցը մի քանի տեսանկյունից պետք է նայել:
«Երկու ամսում կարող են ճանապարհ կառուցել, բայց հաշվի առնելով տեղանքը, ռելիեֆը և այլ հանգամանքներ, հնարավոր է, որ ճանապարհի կառուցումը շատ ավելի երկար տևի: Բայց քանի որ իշխանությունները շատ են շտապում և կատարում Ադրբեջանի հրահանգներն ու ծրագրերը, փորձում են այս փուլում արագ և ինքնանպատակ կառուցել այդ ճանապարհը, բայց չի բացառվում, որ հետագայում եռակի և քառակի ծախսեր անելու անհրաժեշտություն լինի, ինչը եղավ Տաթև-Աղվանի ճանապարհի դեպքում, երբ արդեն 3-4 անգամ վերանորոգել են. սակայն ճանապարհը դարձյալ խափանվում է, որովհետև ժամանակին տեղանքի, ռելիեֆի, հողի որակի հետ կապված նրբությունները հաշվի չի առնվել: Ի դեպ, ոչ միայն խնդիր է կառուցած ճանապարհների փլուզումը, այլև՝ որքանով է հնարավոր երթևեկելի հատվածի՝ որպես մայրուղի օգտագործելը: Օրինակ, Վերին Խոտանանի և տարբեր այլ հատվածներում բեռնատարները կամ խոշոր տրանսպորտային միջոցները խնդիրների են բախվում»,- ասաց Խաչատրյանը:
Թերևս, այս դեպքում պակաս կարևոր չէ այն հարցը՝ որքանով է Կիրանց-Աճարկուտ ճանապարհն ադրբեջանական թիրախավորման տակ լինելու, կամ՝ որևէ գործողության դեպքում որքանով է այն կիրառելի լինելու: Մյուս կողմից՝ 2021-2022 թվականներին ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայից հետո և դրանից առաջ, այսօր որևէ ճանապարհ անվտանգ չէ և գործնականում կիրառելի:
«Պատերազմից հետո մի քանի ռազմական գործողությունների ժամանակափուլերում Ադրբեջանն իր վերահսկողության տակ վերցրեց ռազմավարական նշանակության բարձունքները, որպեսզի ՀՀ կենսական նշանակության ճանապարհների և մայրուղիների վրա վերահսկողություն ունենա, և ինչն արդեն իսկ ունի՝ Մեղրիից սկսած՝ մինչև Բագրատաշեն, և քիչ թե շատ ապահովը տավուշյան ճանապարհներն էին, դեպի Վրաստան գնացող մայրուղին, բայց տեղի ունեցած գործընթացներից հետո ապահովության առումով նաև այս հատվածում ենք խնդիրներ ունենալու: Իսկ իշխանությունները, իհարկե, այս ամենը հաշվի չեն առել: Ճակատենի ճանապարհը հանձնեցին Ադրբեջանի վերահսկողությանը, ընդամենն այդ ճանապարհին զուգահեռ՝ մի քանի հարյուր մետր ներքև նոր ճանապարհ կառուցեցին, որն ադրբեջանցիների կողմից տեսանելիության, վերահսկողության առումով շատ խոցելի էր, և հնարավոր ռիսկային ժամանակափուլերում գրեթե կիրառելի չեն դառնալու, ինչի մասին է խոսքը»,- եզրափակել է Շիրազ Խաչատրյանը:
168.am