Լուրեր
Ձեր համար Արցախը լավ օրերի վայր էր․ Տիգրան Աբրահամյան
19.05.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՆԳՆ մարզային վարչության պետը արցախցի ֆոտոլրագրողին ասում է` «Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախում»:
Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է, բայց ամեն դեպքում հատուկ իր նմանների համար ասեմ:
ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս ու նվիրեց Ադրբեջանին:
Եթե դու ու քո նմանները նորմալ եք համարում ադրբեջանացված Արցախում ապրելը` համատարած ծաղրի, վիրավորանքի ու մահվան սպառնալիքի ներքո, ապա կարող եք հանգիստ գնալ ոչ միայն Արցախ, այլ Ադրբեջանի ցանկացած քաղաք ու համատեղ ապրել:
Այսպիսի մարդկանց համար` գիտակցված կամ չգիտակցված, արցախցիները կա´մ պետք է ընտանիքներով բնաջնջվեին կա´մ ապրեին Ադրբեջանի անձնագրերով և նրանց քմահաճույքներով:
Չնայած ինչպես պետք է առաջնորդվի գնդապետի կոչումով ոստիկանը, եթե տեսնում է, թե ինչպես է կմկմալով ներողություն աղերսում իր նախարարը` Արցախ կամ Արցախի Հանրապետություն ասելիս:
Ձեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էր և արցախցու հյուրասիրությամբ նվերներով ճանապարհում:
Իմ ու իմ նմանների համար Արցախը հայրենիք է, որի ժամանակավոր կորուստն անձնական ողբերգություն է:
Հ․Գ. Կներեք լավատեսությանս համար, բայց հույս ունեմ, որ վերոնշյալ ոստիկանն իր մեջ ուժ և բարոյականություն կգտնի ու ներողություն կխնդրի իր անպատիվ կեցվածքի համար» :