Լուրեր

Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու հանգամանքը․ Տիգրան Աբրահամյան

18.05.2024

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու հանգամանքը:

Հանդիսավոր արարողությամբ, ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետի տեղակալը մեդալներով պարգևատրեց նաև ադրբեջանցի զինծառայողներին:
Սա այն դեպքում, որ նույն ադրբեջանցիների նպատակային կրակով, 2023 թվականի ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման ժամանակ, 6 ռուս խաղաղապահ զոհվեց, որից մեկը` Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը:
 
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նաև այսպես խախտվեց, երբ երկկողմ պայմանավորվածությամբ, ՌԴ խաղաղապահները ժամանակից շուտ դուրս բերվեցին Արցախից:
Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և Արցախի էջը փակելու համար ու ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն հենց Փաշինյանի կառավարությունն է, այնուամենայնիվ, ՌԴ-ի ներկայության պայմաններում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումն Արցախի վրա և արցախցիների բռնի տեղահանումը ցույց են տալիս, որ ռուսական կողմը ևս այստեղ մեծ խնդիր ունի:
ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում, իսկ արցախցիների` սեփական օջախներ վերադառնալու հարցը օրակարգ վերադարձնելը, դրա դրսևորումներից մեկը պետք է լինի:
 
Դա և´ հեղինակության վերականգնման, և´ սխալների ուղղման հնարավորություն պետք է դառնա»:
 

← Վերադառնալ ցուցակին