Լուրեր
Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով․ Տիգրան Աբրահամյան
06.05.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով:
Սովորական պայմաններում, իհարկե, այդ գործոնը, Ադրբեջանի հետ բարդ հարաբերությունների պայմաններում, նվազագույնը քննարկելի է:
Բայց երբ սրա մասին խոսում է մի իշխանություն, որը 2018 թվականին, նույնատիպ պնդումներին սարկազմով, թշնամությամբ կամ անտարբերությամբ էր մոտենում, երկակի զգացումներ է առաջացնում:
Երկրորդ, իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա, ով ըստ իշխանության, իր քայլերով ու հայտարարությամբ լարվածություն է հրահրում:
Մի իշխանություն, ում օրոք 44-օրյա ավերիչ պատերազմը եղավ, 2021, 2022 թվականներին ՀՀ-ի դեմ ագրեսիան եղավ և 2023-ին, Արցախի դեմ պատերազմ սանձազերծվեց, խոսում է այլոց քայլերից, որոնք կարող են պատերազմի հանգեցնել:
2018 թ.-ի իր հայտնի ելույթում, երբ Սերժ Սարգսյանը զգուշացնում էր, թե ինչպիսի բարդ աշխարհաքաղաքական իրադրությունում ենք և ինչպիսի ծանր հետևանքներ են սպասվում, իրենց ձեռնտու չէր լսել, որովհետև իրենց առաջնահերթությունը ո´չ Հայաստանն էր, ո´չ էլ առավել ևս Արցախը: Իրենց երազանքը իշխանություն դառնալն էր, բայց ոչ թե պատասխանատվություն ստանձնելու, այլ դրա վայելքներից օգտվելու համար:
Նույնը հիմա է: Սրանց պայքարը անձնական բարեկեցության, այլ ոչ թե պետականության համար է ու դրա համար են խառնվել իրար»: