Լուրեր
ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ կապված իրադարձության վերաբերյալ գրառմանս . Տիգրան Աբրահամյան
27.04.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ կապված իրադարձության վերաբերյալ գրառմանս և նշել, որ իրենք 2018-ին, կուսակցական հայտարարությամբ կոչ էին արել զինծառայողներին՝ վերադառնալու իրենց նշանակման վայր:
Վերոնշյալով ՔՊ-ում համարում են, որ իրենք չեն ողջունել զինծառայողների քայլը: Սա մոտավորապես այն իրավիճակին է նման, երբ նույն ՔՊ ղեկավարը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ողջ ուժով գոռում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ դրանից 3 տարի հետո, ուղիղ տեքստով, հայտարարում, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:
Կամ թե ինչպես էին նույն ՔՊ-ականները Աղդամն իրենց հայրենիքը հայտարարում, իսկ դրանից մի քանի տարի անց, նմանատիպ վստահությամբ խոսում են Արցախի ադրբեջանական լինելու մասին:
Ասածս այն է, որ մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում:
Ի դեպ, եթե դուք ժամանակին դա չխրախուսեիք ու իրապես վտանգավոր համարեիք, ապա դրան համարժեք քայլեր կձեռնարկեիք, իսկ այսօր էլ խոսելու կամ գրելու առիթ չէր լինի:
Անպատժելիությունն, ըստ էության, նաև խրախուսում է: Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ եմ ասում և ինչ նկատի ունեմ:
Եթե 2018-ին խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների քայլը գործող օրենսդրությանը հակասող էիք համարում, անվտանգության սպառնալիք, ապա այդ ժամանակ իրավական գնահատական կհնչեր, գործընթաց կլիներ:
Իսկ դուք սահմանափակվեցիք գլխավոր գործող անձանց, պատասխանատուներին նոր պաշտոններ բաժանելով» :