Լուրեր

Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»

25.04.2024

 ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովին հարցրինք՝ ինքն է՞լ է կարծում, որ եթե Սերժ Սարգսյանը խոսում է, դա արդեն արարք է։ «Իսկ ո՞վ է ասում, թե ինքը․․․ ինքն ամենակարեւորն է ասել, որ ընդվզում լինելու է»,- պատասխանեց նա: Իսկ ո՞վ եւ ե՞րբ է կազմակերպելու այդ ընդվզումը, պատրաստվո՞ւմ են ինչ-որ քայլեր անել հիմա, երբ Տավուշից արդեն հողեր են հանձնվում Ադրբեջանին։ «Մենք վերջին տարիներին ինչ-որ բաներ չենք անում, մենք կոնկրետ քայլեր ենք անում, պայքարում ենք, որը բավարար արդյունք չի տալիս»։ Շարմազանովը հիշեցնում է, որ դեռ Դիմադրության շարժման օրերին՝ 2020 թ. պատերազմից հետո են հայտարարել՝ եթե չհաջողվի իշխանափոխություն իրականացնել, Փաշինյանն Արցախն էլ է հանձնելու, Տավուշն էլ, ու այսպես շարունակ։ «Հա, էդ ձախողման մեջ մեր, անձամբ ես ասում եմ՝ իմ մեղքն էլ կա, պատասխանատվությունն էլ, ամեն ինչն էլ, հետո՞: Ընդդիմությունը ձախողել է, այո, ձախողել է, եթե Նիկոլն իշխանության է, բոլոր ազգային ուժերը ձախողված են»։ «Շատ սխալ պատկերացումներ ունեք, որ ՀՀԿ-ն ռեսուրս ունի ու իշխանափոխություն չի անում։ Մինչ օրս իրենից եկած ամեն ինչ արել է, գուցե ձեր պատկերացումները մեր ռեսուրսի, ուժի, հնարավորությունների մասին շատ ավելի մեծ են եղել: Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթին այսօր երանի ենք տալիս, հաստատ ձախողել ենք, հազար անգամ արել ենք մեր ռեսուրսով, չենք կարողանում, տեսաք, էլի, երեկվա մեր ռեսուրսը՝ 3-4 հազար հոգի, եթե կարծում եք, որ այդքանով կարող ենք հեռացնել, ամեն օր էդքան մարդ կարող ենք հանել»։ Շարմազանովի խոսքով, հանրության մոտ թյուր կարծիք կա, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը որ պահին «կնոպկեն սեղմեն»` Նիկոլը կգնա․ «Դա ապուշ թեզ է, հերիք է, թողեք էդ աննպատակ քննարկումը։ Ձեր կարծիքով՝ իրենք իրենց հոր ու մոր գերեզմաններից, Արցախից ավելի թանկ բան ունե՞ն, բա ինչի՞ն էին սպասում, կարողանային` չէին թողնի, էլի, Արցախը հանձնեն»: Եթե ձախողել եք, ինչո՞ւ մանդատները վայր չեն դնում ձեր կուսակիցները։ «Հիմի որ 7 հոգին վայր դրեց, ցուցակը («Պատիվ ունեմ»-ի) 250 հոգի են, ու ոչ մեկը` կուսակցությունից, գարանտիա կա՞, որ չեն վերցնելու մյուսները»։ Շարմազանովն ընդունում է, որ իշխանությունից կա մեծ հիասթափություն, բայց Նիկոլ մերժողների մեծ մասն իրար հետ լեզու չի գտնում․ «Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների եւ Նիկոլ ատողների մեջ չկա կոնսոլիդացիա, Նիկոլ մերժողներն իրար էլ են մերժում»: Ինչպես Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյա՞նը չեն կարողանում լեզու գտնել, հարթել թշնամանքը։ «Մենք եւ Քոչարյանի թիմը թշնամական հարաբերություններ չունենք, շատ լավ, ընկերական հարաբերություններ ունենք: Հանդիպում ենք, քննարկում ենք` Ավան Վարդանյանին վերջերս եմ հանդիպել, Ռուբեն Մելքոնյանի գրքի շնորհանդեսին Ռոբերտ Քոչարյանի որդուն եմ հանդիպել` ջերմ ողջագուրվել եմ: Ինչու մեզ մոտ չի ստացվում՝ որովհետեւ մեր դեմ հակաքարոզչությունն է մեծ, միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»,- ասաց Շարմազանովը՝ շրջանցելով լիդերների միջեւ անհաղթահարելի հակասությունների մասին հարցերը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

hraparak.am
 

← Վերադառնալ ցուցակին