Լուրեր

Ադրբեջանական վերջին օրերի ակտիվությունն առաջնագծում դրսևորվեց նաև խաղաղ բնակավայրերի թիրախավորմամբ. Տիգրան Աբրահամյան

08.04.2024

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանական վերջին օրերի ակտիվությունն առաջնագծում դրսևորվեց նաև խաղաղ բնակավայրերի թիրախավորմամբ, սա իրադրային զարգացումների ամենավտանգավոր հանգամանքն է:

Ուշագրավ է, որ Տավուշի գյուղերի ուղղությամբ վերջին տարիներին կրակահերթեր չէին եղել:
 
Ինչ վերաբերվում է Սյունիքի մարզի գյուղերին` Խոզնավարից մինչև Արավուս, Տեղ, ապա 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը երկու փուլով դիրքավորվեց համայնքից բավականին մոտ հեռավարության վրա, սա առհասարակ նոր երևույթ է:
Կարծում եմ` ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է կենտրոնանար հատկապես այս խնդրին, սակայն ոչ միայն դրանք արձանագրելու և զեկույցներում ամրագրելու, այլ դրանից բխող օպերատիվ քայլերով:
ԵՄ-ն տարբեր խողովակներով պաշտոնական Բաքվին պետք է հասցնի ուղերձներ առ այն, որ չի հանդուրժի հատկապես խաղաղ բնակիչների թիրախավորումը և միջոցներ ձեռնարկի, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն:
Զինված ուժերի տեսադիտարկման համակարգերերն արձանագրելու նվազագույն գործառույթն իրականացնում են, ԵՄ դիտորդների դերն այդ փաստերի հիման վրա քաղաքական ճնշումների հիմք ստեղծելն ու Բրյուսելին փոխանցելն է` Բաքվին հետագա գործողություններից զերծ պահելու նպատակով: 
 
Համենայդեպս, սա է մեր հասարակության սպասումը, հակառակ դեպքում ԵՄ առաքելության ներկայությունը որևէ ձևով չի կարող արդարացված կամ ընկալելի լինել»:
 

← Վերադառնալ ցուցակին