Լուրեր
Հայաստանը տարբեր փուլերում բավականին ընդգրկուն համագործակցություն է ունեցել. Տիգրան Աբրահամյան
05.04.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բրյուսելում նախատեսված Փաշինյանի եռակողմ հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հետ սպասելի անհանգստությունների և մտահոգությունների տեղիք է տվել:
Խնդիրը ոչ թե ԵՄ-ի կամ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն են, այլ այն, որ Հայաստանն այդ հանդիպմանը ներկայացնում է մի անձ, ով վաղուց Հայաստանը վերածել է գեոպոլիտիկ սուբյեկտների կատաղի պայքարի էպիկենտրոնի:
Հայաստանը տարբեր փուլերում բավականին ընդգրկուն համագործակցություն է ունեցել և´ ԱՄՆ-ի, և´ ԵՄ-ի և որոշակի ուղղություններով նաև ՆԱՏՕ-ի հետ, սակայն դրանք նախորդ շրջափուլերում երբեք չեն դիտարկվել որպես հակառուսական գործընթաց, առավել ևս, նոր պատերազմի առիթ, պատճառ կամ սպառնալիք չեն դարձել:
Հիմա իրականությունն այլ է. կա անձ, որն իր արկածախնդրությամբ Հայաստանն արդեն վերածել է օբյեկտի` միակողմանի ընդունելով հարվածներ, որոնք տասնամյակներով Հայաստանին հետ են շպրտել դեպի ճահիճ, հուսահատություն, անորոշություն»: