Լուրեր

Քանի կան նիկոլները` Հայաստանը, ցավոք, շարունակելու է պարտության շղթան. Տիգրան Աբրահամյան

12.03.2024

  ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի գործընթացը տեղից չի պոկվի ու այս առումով որևէ լավատեսական սպասում չի լինելու, որովհետև Ադրբեջանի նպատակը ոչ թե միջազգային սկզբունքներին և նախադեպերին համահունչ գործընթացի մեջ մտնելն է, այլ պարզապես Հայաստանից նոր տարածքներ խլելը:
Հիմա հանրային դիսկուրսը երևացող և մեծամասամբ չերևացող մակարդակում հետևյալն է` շարունակել զիջել հանուն խաղաղության խոստման, թե՞ պայքարել ու հաղթել:
 
Ովքեր դեռ հավատում են, որ տարածքներ ու ազդեցություն զիջելով Հայաստանին կհաջողվի խաղաղության հասնել, նրանց թիվը էականորեն նվազել է հենց միայն այն պատճառով, որ կա´մ իշխանությանն այլևս չեն հավատում, կա´մ աչքների առաջ վերջին 5-6 տարիների ցավալի փորձն է, երբ ՀՀ իշխանությունն անընդհատ զիջում է, իսկ Ադրբեջանն անընդհատ պահանջում:
Ինչ վերաբերվում է պայքարելու և դիմակայությունը հաղթելու մասին, ապա սա վերաբերվում է բոլոր ճակատներին` քարոզչականից մինչև դիվանագիտական, իսկ ծայրահեղ դեպքում` ռազմի դաշտում:
 
Բայց այս դեպքում էլ այլ տրամաբանական հարց է ծագում` ո՞վ պետք է այդ պայքարը մղի` փաշինյանական իշխանությո՞ւնը: 
Մի կողմ դնենք սրանց ամբարտավան կեցվածքն ու լկտի դրսևորումները, որն արտահայտվում է բացառապես երկրի ներսում, իսկ դրսում` Ալիևի առաջ խոնարհ ստրուկի դեմքով պարտվածների կույտ են:
 
Ի՞նչ է հանրությունը տեսել վերջին 5-6 տարիներին` վճռականության խոստում, հուժկու տեքստեր ու անվերջ երդումներ: Արդյունքը` զրո, իսկ իշխանության խոստացած հեռանկարների նկատմամբ նվազագույն վստահություն:
Ահա մեր խնդիրների ու փակուղու կարճ ձևակերպումը: Քանի կան նիկոլները` Հայաստանը, ցավոք, շարունակելու է պարտության շղթան»:

← Վերադառնալ ցուցակին