Լուրեր

Ի՞նչ ղալաթ է անում այդ գործում Նիկոլի կառավարությունը․ Արտակ Զաքարյան

07.03.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ի՞նչ ղալաթ է անում այդ գործում Նիկոլի կառավարությունը:

Իլհամ Ալիևը 2024թ. փետրվարի 16-ին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է, որ Բաքվի համար կարևորագույն միջազգային կազմակերպություններից մեկը թյուրքական պետությունների կազմակերպությունն է (OTS) և թյուրքական աշխարհն անվանել է իր ընտանիքը։ Այնուհետև նա իր առաջին պետական ​​այցն է կատարել Թուրքիա:
 
Վերլուծաբանները ենթադրում են, որ Անդրկովկասը շուտով կդառնա Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի (ՆԱՏՕ) կոշտ դիմակայության (առճակատման) հարթակ։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանի ներուժի տեղափոխումը դեպի թյուրքական պետությունների կազմակերպություն շատ դժվար կլինի առանց հիմնական «արտաքին հեգեմոն» Թուրքիայի: Այդ անհրաժեշտ ներուժը կարող է ի հայտ գալ միայն հետխորհրդային թյուրքական պետությունների ռեսուրսների օգտագործման արդյունքում, և Ադրբեջանն այս հարցում անգնահատելի օգնություն կցուցաբերի իր ավագ եղբորը` Թուրքիային։
Թուրքիա կատարած այցի ժամանակ Ալիևն ուղղակիորեն հայտարարեց. «թյուրքական աշխարհի միավորումը և ընդհանուր մշակույթ ունեցող ժողովուրդների համակեցությունը կամրապնդի OTS-ի յուրաքանչյուր անդամի ուժը։ Այս ուղղությամբ հիմնական խնդիրներից մեկը, առանց որի հնարավոր չէ լուծել մնացյալ հարցերը` Անդրկովկասի վրա թուրքական վերահսկողության հաստատումն է։ Դրա համար նրանց անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը վերածվի թուրք-ադրբեջանական վասալի։ Էրդողանը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը դիտարկել որպես երկարաժամկետ ռազմավարական հեռանկար։ Այս առումով առանցքային խնդիր է համարվել այսպես կոչված զանգեզուրյան միջանցքն է։
 
Ըստ էության, Սյունիքի տարանցիկ ճանապարհը միջազգային երթուղու մաս է, որն ապագայում Ռուսաստանին և Թուրքիային կմիացնի անխափան ցամաքային հաղորդակցություններով։ Այն բաղկացած է երկու ճյուղերից՝ երկաթուղուց և մայրուղուց։ Երթուղու հիմնական մասը կանցնի Ադրբեջանի տարածքով, իսկ դրա 40կմ-ոց հատվածը կանցնի կամ Իրանով, կամ Հայաստանով :
Այս «միջանցքը» Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների տարանցիկ երթուղիներից մեկի վերահսկողության բանալին է: Կարմիր ծովի ճգնաժամը, որն առաջացել է Եմենի Հութի ապստամբների կողմից` կարող է 2024թ. վերջին հանգեցնել համաշխարհային տնտեսական աճի մինչև 2,8% նվազման ( ըստ: միջազգային ֆինանսների վաշինգտոնյան ինստիտուտի տվյալների (IIF)): 
Այսպիսով, կա Ասիայից Եվրոպա ապրանքների առաքման այլընտրանքային ցամաքային ուղիների հրատապ անհրաժեշտություն@, ինչն էլ մեծացնում է Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի փոքր հատվածի կարևորությունը։ Իսկ մնացած բոլոր երթուղիներն, այսպես թե այնպես, գտնվում են թուրքերի վերահսկողության տակ:
Անկարային անհրաժեշտ է, որպեսզի երթուղու այս հատվածն անցնի Հայաստանի տարածքով, իսկ նրանք կփորձեն Հայաստանը պահել ամբողջական թուրքական վերահսկողության տակ։ 
 
Ռուսաստանից արագ երես թեքելու և Արևմուտքի (իրականում Թուրքիայի) հետ սիրախաղեր անելու Նիկոլի գլխավոր պատճառն Անկարայի այս ծրագիրն է: Մինչդեռ, միայն Ռուսաստանն ու Իրանն են այն իրական ուժերը, որոնք կարող են զսպել թուրքական էքսպանսիան Հայաստանում (Անդրկովկասում): 
Բազմիցս ասել ենք, որ Նիկոլն իր դավաճան քաղաքականությամբ երկիրը կամգնեցրել է նոր պատերազմի առաջ: Այժմ Անկարան և Բաքուն դիտարկում են «Հայկական հարցը» լուծելու ռազմական տարբերակը։ Անկարայից քաջալերված և արցախյան վերջին «հաղթանակից» ոգևորված Բաքուն կարող է համարել, որ եկել է «հայկական խնդիրը» վերջնականապես լուծելու ժամանակը։ Այս ամենը միանգամայն տեղավորվում է Երեւանի վրա ճնշում գործադրելու թուրքական քաղաքականության մեջ։ Թուրքական ԱԹՍ-ների ակտիվությունը Հայաստանի սահմանների մոտ երկար ժամանակ չի նվազում։ Անկարան կարծես թե արդեն սկսում է Անդրկովկասն իր ազդեցության տակ ներառելու խաղը։
Մասնավորապես, Ալիեւն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանում լիովին հաստատվել է թուրքական բանակի մոդելը։ Այսօր ադրբեջանական բանակը զարգանում է ոչ միայն որպես «թուրքական բանակի փոքր մոդել», այլ որպես նրա անբաժանելի մասն է։
 
1992 թվականի օգոստոսի 11-ին Անկարայում ստորագրված «Ռազմական պատրաստության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը դեռևս ուժի մեջ է, նախատեսում էր սպայական պատրաստության ադրբեջանական բանակի կարիքների բավարարումը։ Այնուհետև այս համաձայնագիրը համալրվել է բանակային այլ ստորաբաժանումների և անվտանգության ուժերի միջև ստորագրված պայմանագրերով և արձանագրություններով։ Բացի այդ, «Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը», որը ստորագրվել է 2021 թվականին, նախատեսում է, որ Թուրքիան և Ադրբեջանը պետք է միմյանց ռազմական օգնություն ցուցաբերեն անհրաժեշտության դեպքում։
 
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Պակիստանը JF-17 կործանիչների վաճառքի համար Ադրբեջանի հետ կնքել է արտահանման ամենամեծ պայմանագիրը (1,6 մլրդ դոլար)։ Իրանը մեկնաբանում է այդ կործանիչների մատակարարումը որպես ուժերի անհավասարակշռություն Կովկասում և Բաքվի նախապատրաստում մեծ պատերազմի։
 
Անկարա կատարած այցի ընթացքում Ալիևը քննարկել է նաև փոխադարձ առևտրի ծավալների մեծացումը, այն հասցնելով 15 մլրդ դոլարի, ինչպես նաև Ադրբեջանից էներգառեսուրսների փոխադրման ծավալների ավելացմանը։ Հանդիպումների ընթացքում խոսել են Կարս-Նախիջևան երկաթուղու և Իգդիր-Նախիջևան գազատարի նախագծերի իրականացման մասին։ Ընդգծվել է ադրբեջանա-թուրքական համալսարանի ստեղծման կարևորությունը, ինչպիսին գործում է Ղազախստանում և Ղրղզստանում։
 
Ակնհայտ է, որ միջազգային հարաբերություններում Բաքուն հետեւում է Թուրքիայի օրինակին: Ռուսաստանի հետ բարեկամության մասին կեղծ հայտարարություններին զուգահեռ, Ադրբեջանը սերտ կապեր է հաստատում Ուկրաինայի հետ։ Մյունխենի անվտանգության վերջին համաժողովի շրջանակում Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են։ Դրանից անմիջապես հետո Ադրբեջանը կրկին 25 բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնության խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա:
Ընդհանրապես, առնվազն անհիմն է համարել, որ Ադրբեջանն Անդրկովկասում կարող է լինել Ռուսաստանի հուսալի դաշնակիցը:  Թուրքիայի հետ սերտ համագործակցությունը նրան հանելու է ՌԴ «բարեկամ երկրների» շարքից և տանելու է դեպի ՆԱՏՕ` դարձնելով նրան թուրքական ՆԱՏՕ-ի մասնաճյուղն Անդրկովկասում։ 
 
 Ուստի բոլոր նրանք, ովքեր խոսում են «Մոսկվայի համար Բաքվի հետ դաշինքի նշանակության» մասին, պետք է հիշեն, որ Ադրբեջանը պարզապես կրտսեր գործընկեր է՝ ուղղորդված ՆԱՏՕ-ի Թուրքիայի կողմից, որի հիմնական նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է Կովկասյան աշխարհագրական անվտանգային գոտուց։
 
Իսկ ի՞նչ ղալաթ է անում այդ գործում Նիկոլի կառավարությունը` կարծում եմ ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ: Նա շարունակում է սպասարկել  թուրք-ադրբեջանական շահերը` հայ ժողովրդին դնելով նոր ցեղասպանության իրական վտանգի առջև»:
 

← Վերադառնալ ցուցակին