Լուրեր
ՀՈՒՅՍՆ ԱՅՆ Է, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՍԻ` ԴԵ ԼԱՎ, ՄԵՐ ՏՂԵՆ Է, ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆՔ
05.03.2024
Վերջին շաբաթներին ՀՀ իշխանություններն աչքի ընկան հակառուսական սուր հայտարարություններով: Նախ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանն իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ սառեցրել է, ապա ՀՀ Ազգային ժողովում նշեց, որ եթե այս տեմպերով շարունակվի, Հայաստանն իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին կդադարեցնի: Ի պատասխան՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարություններ արեց` Հայաստանին կոչ անելով հստակ կողմնորոշվել` մնո՞ւմ է ՀԱՊԿ-ի կազմում, թե՞ ոչ:
Նախորդ ժամանակաշրջանում էլ են եղել հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամային պահեր, կոնֆլիկտներ, անհասկացողություն: Մենք առնվազն երկու նման էպիզոդ ենք հիշում, երբ հայ-ռուսական հարաբերությունները մթագնվել էին: Մեկը 2009 թվականին էր, երբ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի ոխերիմ թշնամուն` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն պարգեւատրեց պատվո շքանշանով, երկրորդը 2016-ին էր, երբ Երեւանի կենտրոնում` Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգում տեղադրվեց Գարեգին Նժդեհի արձանը, որը ռուսական կողմը ծանր տարավ: Տարբեր հայտարարություններ հնչեցին այս երկու դեպքում, ՀՀ իշխանությունների հանդեպ վերաբերմունք փոխվեց, եւ երկար ժամանակ հարաբերությունները չէին ջերմանում: Ոմանք կարծում են, որ Սերժ Սարգսյանի անձի եւ իշխանության հանդեպ ՌԴ ոչ այնքան բարեկամական վերաբերմունքը պայմանավորված է կամ գոնե սկիզբ է առել այս երկու դիպվածից:
Սակայն ՀՀԿ անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ նախկին եւ ներկա իշխանություններին համեմատելը պարզապես անկարելի է, քանի որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, ի տարբերություն Փաշինյանի վարածի, ճկուն եւ խելամիտ քաղաքականություն էր։
«Նախ՝ Նժդեհի արձանը Երեւանի կենտրոնում տեղադրելը դիտարկել հակառուսականություն, սխալ է: Մեկ-երկու մասնավոր դեպքերի արդյունքում կարող ենք կարծել, որ Նժդեհը հակառուսականության հետ կապ ուներ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանը, ապա դրա հետ համեմատվելու համար նախ պետք է ունենալ այդ ուժն ու թափը, այդ իրավունքը: Խրիմյան հայրիկը շատ լավ է ասել մի առիթով` իրավունք վաստակելու համար նախ պետք է այդ իրավունքն ունենաս…. այնպես որ, պետք է կշիռ ունենան՝ համեմատվելու համար: Այսօր Հայաստանի Հանրապետությունը մեծ ողբերգություն է ապրում, իսկ Արցախը կորսված է, այնտեղ հայեր չեն ապրում: Մաշտոցի ժամանակներից կառուցված Ամարասից մինչեւ 2023 թվականը ոչ մի անգամ հայ ժողովուրդը չէր բացակայել, բայց այսօր հայաթափվել է ողջ Արցախի Հանրապետությունը: Արտաքին հարաբերություններում ականջահաճո հայտարարություններ անելը, սրա-նրա ականջին ինչ-որ բաներ փսփսալը լավ տեղ չեն տանում, ռուսական ռազմաբազան եւ ռուս զինվորը կանգնած են Հայաստանում ՀԱՊԿ-ի շնորհիվ: Մեր գլխին մեծագույն վտանգներ են կախված, չգիտեմ՝ սրանց ինչ խոստումներ են տվել, բայց մենք դրա վառ արդյունքը տեսնում ենք` Գորիս-Կապան ճանապարհն առանց դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնվել է թշնամուն: Մարդասպան-տեռորիստներին հեշտությամբ տվեցին Ադրբեջանին` առանց հայ ռազմագերիներին ամբողջությամբ վերադարձնելու: Սեւ լճի կեսը նվիրեցին եւ հայտարարեցին, որ տարին 12 ամիս սարերում ձյուն է նստած, ու չարժե դրանց համար պատերազմել, եւ այլն: Ես չեմ հասկանում, թե սրանք ինչին են սպասում, ինչն է առհասարակ սրանց հույսը: Ես չեմ կարող անգամ իմ ամենավառ երեւակայության պարագայում համեմատել Սերժ Սարգսյանի ժամանակվա քաղաքականությունն այսօրվա հետ, էլ ուր մնաց համադրենք կամ հակադրենք: Դուք ինքներդ էլ կարող եք վերլուծել, թե նախքան 2018 թվականն ինչ աշխատանքներ են տարվել Արեւմուտքի եւ արեւելյան գործընկերների հետ, ինչպես նաեւ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Դրանք ուղղակիորեն համեմատության եզրեր չունեն այսօրվա հետ: Մեր տնտեսությունն այնպիսին չէ, որ կարողանանք գերհզոր շուկաների հետ մրցել, պարզ է, որ ճիշտ վարած արտաքին քաղաքականության արդյունքում է իրավիճակը կայուն մնացել: Ի՞նչ ենք տեսնում այսօր` լղոզված, վիզը ծուռ` եթիմի նման իշխանություններ, տարբեր երկրների դռների առաջ կանգնած: Հայ-ռուսական հարաբերություններն օր-օրի վատթարանում են, հույսն էլ այն է, որ Էրդողանը կասի` դե լավ, մեր տղեն է, բան է խոստացել` տիրություն կանենք: Արդյունքն Արցախի կորուստն էր: Այսօր Արցախի Ազգային ժողովի շենքն են քանդում, բա ի՞նչ պետք է անեին, բա իրենց են նվիրել, ինչ կուզեն` կանեն: Մեզ նման «խաղաղասերներ» չկան այնտեղ, որ ասֆալտ անեն ու հետ տան մեզ, հո մեր կառավարիչների նմանները չկա՞ն այնտեղ…. Ցանկացած հայ մարդ, ով ունի գոնե տասը տոկոս վերլուծելու ունակություն, կհասկանա, թե որտեղից եկել, ուր ենք հասել, ինչից ինչ ենք դարձել»,- եզրափակեց Սահակյանը:
Հայկ Գևորգյան
hraparak.am