Լուրեր

Ընտրություններին Փաշինյանին պետք է ոչ միայն հաղթել ջախջախիչ արդյունքով, այլև պատրաստ լինել պաշտպանել սեփական քվեն փողոցային պայքարով

02.03.2024

 Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն պատասխանել քաղաքացիներին հուզող 5 հարցերին։ Կարեն Նավասարդյան․ Մենք երկուշաբթի օրը տեսանք, որ Ձեզ արգելեցին մասնակցել ԵԺԿ ժողովին։ Ինչո՞ւ, ի՞նչ եք կարծում։

Արմեն Աշոտյան․ Եվրոպական ամենաազդեցիկ և իշխող կուսակցության Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գալիք համագումարին իմ որպես ՀՀԿ պատվիրակության ղեկավար, մասնակցության խոչընդոտումը լրացուցիչ ցայտուն ապացույց է կալանքը, որպես քաղաքական գործունեության խոչընդոտում կիրառելու և ինձ բացառապես քաղաքական հետապնդման ենթարկելու մասին։ Չէ՞ որ դատարանի դահլիճում ես հրապարակավ հայտարարեցի, որ կարևորագույն քաղաքական միջոցառմանը մասնակցելուց հետո պատրաստ եմ վերադառնալ քրեակատարողական հիմնարկ։

Փաշինյանը անթաքույց է և խանդում է ՀՀԿ-ին, և փորձում է լռեցնել միջազգային հարթակներում։ Պատահական չէ, որ ըստ հավաստի լուրերի՝ նրանք փորձում են իրենց քիթը խոթել քրիստոնեա-դեմոկրատական արժեքներ դավանող եվրոպական այդ ընտանիք, որտեղ ՔՊ-ի նման պոպուլիստների և նեոբոլշևիկների տեղը չէ։ Նրանք հույս ունեն, որ իրենց գեոպոլիտիկ խաղերը փակեցին այդ քաղաքական խմբավորման ռադիկալ-պոպոլիստներ լինելու հանգամանքը, սակայն նրանց տոքսիկ լինելու մասին ոչ ոք չի մոռացել։ Ի վերջո, հետաքրքիր կլինի հետևել ՔՊ-ի ԵԺԿ մտնելու ջանքերին այն ժամանակ, նույն ԵԺԿ-ն մի քանի անգամ, այդ թվում` հատուկ բանաձևով ինձ ճանաչել է քաղաքական բանտարկյալ, ում ապօրինի կալանավորմամբ այդ նույն ՔՊ-ի որոշումն է։ Արթուր Նահապետյան․ Աշոտյան ջան, Զելենսկին պատրաստվում է գալ Հայաստան, ի՞նչ նոր արհավիրք կբերի դա մեզ։ Արմեն Աշոտյան․ Զելենսկիի` Հայաստան հնարավոր այցի մասին կարծիքս հայտնել եմ. նա եղբայրական ուկրաինական ժողովրդի ամենասպասված ներկայացուցիչը չէ։ Գեոպոլիտիկ քննարկումներից բացի հայտնի է, որ Ուկրաինայի ներկայիս ղեկավարը ամենաադրբեջանամետ մի շարք հայտարարությունների հեղինակն է։ Ի դեպ, բոլոր նրանց, ովքեր փորձում են կապել ուկրաինական ղեկավարության հակահայկական դիրքորոշումները Ղրիմի խնդրով, ուզում եմ հիշեցնել մի պատմական հանգամանք։ Ղրիմի հարցը ծագել է 2014 թվականին, իսկ Ուկրաինան սատարել է Ադրբեջանին գրեթե անմիջապես ԽՍՀՄ փլուզումից հետո, դեռևս անցած դարի 90-ականներից, և այդ դիրքորոշումը արտահայտել է թե ՄԱԿ-ում, թե ԵԱՀԿ-ում, թե ԵԽ-ում։ Սակայն անկախ ուկրաինական տարբեր ղեկավարների դիրքորոշումից, հայ և ուկրաինացի ժողովուրդների մակարդակով մշտապես եղել են և պահպանվել են ջերմ, եղբայրական հարաբերություններ, իսկ 300,000-անոց հայ համայնքը Ուկրաինայում ծառայել է որպես երկու ժողովուրդներին կամրջող կառույց։ Պատահական չէ, որ Լվովում գտնվող հայկական եկեղեցին ներառված է UNESCO-ի նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Զելենսկիի այցի շուրջ քննարկումներից մեկ այլ դրվագ էլ հիշեցի։ 2019 թվականի ապրիլի 24-ին ռուսական РТР ալիքով Նիկոլ Փաշինյանը, մոռանալով, որ իր երկրում սգո օր է, բերանը բաց, ժպտալով ուղիղ եթերում նորընտիր Զելենսկիին խորհուրդներ էր տալիս, թե ինչպես պիտի շփվել Պուտինի հետ։ Օ, ժամանակներ, օ, բարքեր։ Կառմեն Իսահակյան․ Դուք անընդհատ նշում եք, որ միակ փրկությունը Նիկոլից ազատվելն է, վերցնենք չազատված Ադրբեջանը նորից հարձակվում է, էդ պահին ի՞նչ պետք է անել։ Արմեն Աշոտյան․ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ասում էինք, որ եթե չազատվենք Նիկոլից, կկորցնենք Արցախը։ Ցավոք, այդպես էլ եղավ։ Ու անգամ դրանից հետո, որպես ժողովուրդ, դասեր չքաղեցինք և դեռևս հանդուրժում ենք Նիկոլի «Վարչապետությունը»։ Ուստի Ձեր հարցը դաժան է, բայց ճշմարիտ։ Եթե չազատվեցինք Նիկոլից հիմա, կկորցնենք Հայաստանը, սա մեր գլխին կախված վտանգ է, օրեցօր առավել իրական դարձող սպառնալիք է։ Եթե մենք կրկին ուշացնենք և Ձեր նկարագրած սցենարը դառնա իրականություն, ապա անքննելի է և միանշանակ, որ պետք է ազգովի, միասնաբար դիմակայենք Ադրբեջանի հարձակմանը, միաժամանակ գիտակցելով, որ Հայաստանը ղեկավարվում է դրսի օկուպացիոն ռեժիմի կողմից, ինչը դժվարացնելու է մեր պայքարը ագրեսորի դեմ (44-օրյա պատերազմը վկա)։ Հայաստանի անվտանգային համակարգը փլուզված է թե ներպետական, թե միջազգային գործիքակազմով, և այս մասին խոստովանում է նաև Փաշինյանը։ Մենք, հայերս, մի դառը խոսք ունենք. դժվար իրավիճակներում սիրում ենք կատակել, թե մի քիչ էլ կվատանա ու այդպես կմնա։ Սակայն անգամ այս լավատեսական հոռետեսությունը չափազանցված է այսօր, քանզի քանի Նիկոլը վարչապետ է, մեր վիճակը հա վատանալու է, ամեն օր, ամեն ամիս արվելու է երբեք չի կայունացնելու։ Կարեն Եղիազարյան․ Արդեն 7 ամսից ավելի է Նիկոլի պատճառով փակի տակ եք, ի՞նչ է Ձեր մեջ փոխվել այս 7 ամսում, հա՛մ լավն ասեք, հա՛մ վատը։ Արմեն Աշոտյան․ Իրականում արդեն 9 ամիս է, ինչ գտնվում եմ անազատության մեջ և պիտի խոստովանեմ,որ սա, իրոք, լրջագույն փորձություն է ցանկացած մարդու համար։ Անշուշտ, ամենամեծ խնդիրը ընտանիքից կտրված լինելու հանգամանքն է, որը հաղթահարում եմ մտքով, սրտով, հոգով և աղոթքներով իմ զավակների, իմ տիկնոջ, իմ հարազատների կողքին լինելով։ Մեծ ռուս բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին, որը նույնպես քաղաքական բանտարկյալ էր սովետական տարիներին, գրում էր, որ բանտը դա ժամանակի ավելցուկն է տարածության պակասի պարագայում։ Ես սիրում եմ կոմպենսացնել ֆիզիկական տարածության սահմանափակումները ալտերնատիվ  «տարածքներում»՝ հոգևոր, ստեղծարար, մշակութային, տեղեկատվական։ Ստեղծված պայմաններում կենցաղավարության որոշակի փոփոխությունները անխուսափելի են, բայց դրանք շատ երկրորդային են։ Մենթալ-հոգեբանական դաշտում ամենակարեւորը դեպի Բարձրյալ ճանապարհի վերագտնում է սեփական անձի համապարփակ և ազնիվ վերլուծության միջոցով, որովհետև Տերը երբեք ունակություններից ավել փորձություն չի դնում մեր ուսերին։ Անարդար կալանավորումը գաղափարներից չհրաժարվելու համար նաև հատուկ է Հանրապետական կուսակցության պատմությանը, ում հիմնադիրները Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Վազգեն Կարախանյանը և այլք, շատ ավելի դժվար ժամանակներում և դաժան պայմաններում են շարունակել իրենց պայքարը բռնապետական երկրի բանտերում։ Իսկ բացասական փոփոխություններից են օրինակ, ֆիզիկական ակտիվության պակասը և նիկոտինի և կոֆեինի ավելացումը։ Իհարկե, շատ նեգատիվ է ազդում նաև, հատկապես քաղաքական իմաստով, տեղեկատվական հոսքի պակասը և ուշացումը։ Առիթից օգտվելով` ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել հազարավոր մարդկանց, ում ուշադրությունը, սրտացավությունը և ազնվությունը օգնում են հաղթահարել բոլոր դժվարությունները թե ինձ, թե իմ ընտանիքին։ Աննա Սարկիսովա․ Հնարավո՞ր է ընտրություններով Նիկոլին հաղթել, թե միևնույն է, պետք է բողոքի ակցիաներ լինեն։ Արմեն Աշոտյան․ Ուղիղ ասենք. հանուն սեփական իշխանության Նիկոլը ունակ էր Հայրենիք հանձնել, մարդ զոհել, ընտրությունները ի՞նչ են, որ դրանք էլ ոտնակոխ անի։ Թե ինչի է նա ընդունակ նաև ընտրություններից առաջ, ընթացքում և հետո, պետք չէ հիշեցնել (ՏԻՄ ընտրություններից սկսած)։ Ուստի ընտրություններին նրան պետք է ոչ միայն հաղթել ջախջախիչ արդյունքով, այլև պատրաստ լինել պաշտպանել սեփական քվեն փողոցային պայքարով։ Ի դեպ, քաղաքացիները կարծում են, որ ժողովրդավար դիտվելու համար տվյալ երկրում պետք է գոնե մեկ անգամ ընտրություններով իշխանություն փոխվի։ Այս տեսակետից ևս նիկոլական Հայաստանը ժողովրդավար չէ, որովհետև նա եկել է իշխանության զավթումով։ Ուզում եմ նաև ընդգծել. Հայաստանում 2018-ից հետո բոլոր ընտրությունների անցկացումը միֆ է, կեղծիք։ 2018-ի ընտրությունները հրճվանքի ընտրություններ էին, 2021-ինը ցավի։ Իսկ հիմա ես տեսնում եմ, որ Նիկոլը հող է նախապատրաստում, որ գալիք ընտրություններն էլ լինեն վախի ընտրություններ։ Մի կողմից նա երկրի ներսում է ստեղծում վախի մթնոլորտ` հետապնդելով և կալանավորելով իր քաղաքական ընդդիմախոսներին։ Մյուս կողմից էլ նա խրախուսում է արտաքին սպառնալիքներից ներսում վախի մթնոլորտի ձևավորումը։ Իր պատկերացումով հայ ժողովուրդը պիտի վախենա Նիկոլից և Ալիևից, որպեսզի ամրապնդի Փաշինյանի իշխանությունը։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

 ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ «Նուբարաշեն» ՔԿՀ

01.03.2024

 

← Վերադառնալ ցուցակին