Լուրեր

ՌԴ-Ն ՆՊԱՍՏԵԼ Է ՆԻԿՈԼԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ՛ ԲԵՐԵԼՈՒՆ, ԵՒ՛ ՊԱՀԵԼՈՒՆ

24.02.2024

 Ֆրանսիական ԶԼՄ-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ից արձագանքեցին, որ անդամակցությունը դադարեցնելու դիմում չեն ստացել։ Հավանաբար, սառեցնել ասելով՝ Փաշինյանը նկատի ունի ՀԱՊԿ նիստերին իր բացակայությունները։ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին հարցրինք, թե ինչ է նշանակում «անդամակցությունը սառեցնել»-ը, ում է վնասում դա։

 
«ՀԱՊԿ-ին չեմ կարծում, որ վնասում է, Հայաստանին արդեն իսկ վնասել է ՀԱՊԿ-ի հետ ոչ ճիշտ աշխատանքը, եւ դա մենք, ցավոք, տեսնում ենք մեր անվտանգային միջավայրում։ Իհարկե, ՀԱՊԿ-ն միշտ էլ եղել է բարդ կառույց՝ իր ստեղծման օրվանից, եւ ՀԱՊԿ անդամ պետությունները, բնականաբար, ունեն, ունեցել են եւ ունենալու են տարբեր նախընտրություններ` այնպես, ինչպես ՆԱՏՕ-ն։ Որպես կանոն, բազմակողմ կառույցները, այն էլ՝ անվտանգության ֆունկցիա իրականացնող միջազգային կազմակերպությունները, հեշտությամբ չեն կոնսենսուսի հասնում, եւ եթե Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ՀԱՊԿ-ի հետ կոնսենսուսային լուծումներ գտնել հօգուտ ՀՀ-ի, ապա, բնականաբար, այստեղ Նիկոլի խնդիրն է, ոչ թե ՀԱՊԿ-ի։ Այո, ՀԱՊԿ-ն հեշտ կառույց չէ, այո, ՀԱՊԿ-ում կան պետություններ, որոնք չեն թաքցրել իրենց բարիդրացիական վերաբերմունքը մեր թշնամի պետության նկատմամբ։ Այո, ՀԱՊԿ-ն իր գործունեության ընթացքում միշտ չէ, որ համարժեք է արձագանքել տարբեր իրավիճակներին, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն, չունենալով որեւէ այլընտրանք, պետք է հրաժարվի կամ նման քամահրական վերաբերմունք ցուցաբերի իր միակ անվտանգային միջավայրի հանդեպ։ ՀԱՊԿ-ն մեզ համար միշտ եղել է եւ լինելու է ՀՀ-ՌԴ հարաբերությունների բազմակողմ ձեւաչափ` երկկողմից բացի։ Այսինքն՝ ՀԱՊԿ ասելով՝ մենք միշտ առաջին հերթին նկատի ենք ունեցել ՌԴ-ին։ ՀԱՊԿ-ի շրջանակներում մենք նաեւ Բելառուսի հետ ենք ունեցել ռազմատեխնիկական համագործակցություն, ՀԱՊԿ-ն մեզ հնարավորություն է տվել Ռուսաստանում ներքին շուկայով զենք ձեռք բերել, ՀԱՊԿ-ն մեզ բազմաթիվ անգամներ քաղաքական աջակցություն է ցուցաբերել, բայց դա՝ հմուտ իշխանությունների պարագայում՝ ե՛ւ Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի ժամանակ, պատմության մեջ մնացել է ՀԱՊԿ-ի դրական ներգործությունը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման եւ կոլեկտիվ անվտանգության ապահովման առումով։ Մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում ունենք բազմաթիվ պայմանագրեր։ Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունն այսօր, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ին չի տալիս բավարար համոզմունք, որ Հայաստանը վստահելի գործընկեր է։ Հայաստան ասելով՝ տվյալ պարագայում նկատի ունենք ՀՀ իշխանություններին, եւ այն խնդիրները, որոնք Նիկոլը լուծում է հօգուտ այլ պետությունների եւ այլ շահերի, բնականաբար, մենք տեսնում ենք։ Այո, արեւմտյան աշխարհին ձեռք է տալիս, որ Հայաստանը գժտվի ՀԱՊԿ-ի հետ, որովհետեւ նրանք հասկանում են, որ դրանով Ռուսաստանի դիրքերն են թուլանալու,  իրականում ՀՀ անվտանգային միջավայրն է թուլանում։ Թե ինչ է առաջարկում Արեւմուտքը դրան ի պատասխան, առայժմ պարզ չէ, բացի խոսքերից, ժեստերից ու ծափահարություններից, որեւէ էական բան չկա։ Խաղաղությունից խոսելով՝ Նիկոլն անընդհատ արձանագրում է նոր պատերազմի վտանգը։ Ինչպե՞ս է հնարավոր վարել խաղաղության ձգտող քաղաքականություն, բայց անընդհատ սեփական ժողովրդին պահել նոր ռազմական ագրեսիայի վտանգի մեջ։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու կանոնակարգին, ապա, անկեղծ ասած, ես «սառեցում» հասկացություն չեմ հանդիպել, կանոնադրությունը ենթադրում է անդամության դադարեցում, որի վերաբերյալ պետք է պաշտոնապես դիմել ՀԱՊԿ մարմիններին, եւ 6 ամիս հետո անդամակցությունը դադարում է։ Որքանով ես տեղյակ եմ` ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է նախատեսված անդամավճարը բյուջեից վճարել ՀԱՊԿ-ին»,- ասաց Զաքարյանը։
 
Փաշինյանը մեկ այլ հակառուսական հայտարարություն էլ արեց, որ ՌԴ-ն Հայաստանում աջակցել է իշխանափոխությանը, չնայած ՌԴ նախագահը մեկ անգամ չէ, որ Փաշինյանին փրկել է, օրինակ՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ։ Զաքարյանին հարցրինք՝ նման բան նկատե՞լ է, որ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում ՌԴ-ն Հայաստանում իշխանափոխություն հովանավորի։
«Ես կարող եմ ենթադրությունների վրա եզրահանգում անել, որ Ռուսաստանը եւս նպաստել է Նիկոլին իշխանության բերելուն եւ պահելուն, բայց ես որեւէ փաստ չունեմ, լինելով ընդդիմության շարքերում, կամ անգամ ազդանշան չունեմ, որպեսզի ասեմ, որ Ռուսաստանն օգնել է ընդդիմությանը կամ ընդդիմադիր որեւէ ուժի, կամ թեկուզ նման առաջարկ արել է՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու։ Մեր իշխանության ժամանակ ընդդիմությունը տարբեր կառույցների հետ, տարբեր երկրների հետ միշտ աշխատանքի փորձ ունեցել է՝ հենց թեկուզ գրանտային ծրագրերով, խոսքն ընդդիմադիր հայացքներ ունեցող ՀԿ-ների, տարբեր կառույցների կամ թեկուզ կուսակցությունների մասին է։ Այսօրվա ընդդիմության մեջ, համենայնդեպս ՀՀԿ-ի պարագայում, վստահ կարող եմ ասել, որ մենք այս պահի դրությամբ՝ մեր միջկուսակցական հարաբերություններն էլ նկատի ունենալով՝ ԵԺԿ-ում, «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ, Չինաստանի Կոմկուսի հետ, որեւէ նման օրակարգ որեւէ պարագայում չի քննարկվել։ Ես չգիտեմ, թե Նիկոլն ինչ նկատի ունի, պետք է իրեն հարցնել, որ եթե հայտարարություն ես անում, ուրեմն ապացուցիր, նաեւ փաստեր բեր, թե ումով, ինչպես եւ որտեղ ես զգացել այդ խնդիրը»,- ասաց Զաքարյանը։

Կորյուն Սիմոնյան
 
hraparak.am

← Վերադառնալ ցուցակին