Լուրեր

«Արցախը հանձնելուց, Ռուսաստանի հետ հարաբերություններն այլանդակելուց հետո, Փաշինյանը ջանքեր չի խնայում Սփյուռքը Հայաստանից կտրելու համար»

19.02.2024

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ–ից ամեն շաբաթ պատասխանում է 5-ական հարցերի։ Նահապետյան Սարգիս․ Ներքին հանդում ունենք 4 զոհ, իսկ ՔՊ-ական պատգամավորն ասում է մենք գնում ենք խաղաղության։ Ի՞նչ երևույթներ են սրանք։ Ինչո՞վ կբացատրեք այս իրավիճակը։

–ՔՊ-ականները վաղուց են սահմանել անգրագիտության, ստախոսության և բարոյազրկվածության տիեզերական ռեկորդներ։ Սովորական կյանքում որևէ մեկը, ով այսքան խաբած և լկտիացած լիներ իր ընտանիքում, թաղում, շրջապատում, վաղուց մեկուսացված և պատժված կլիներ իր հարազատների, ընկերների կամ հարևանների կողմից։ Գուցե որոշակի, եզակի բացառություններով նրանք վերջացած, պրծած մարդիկ են։ Իսկ նրանց «աստեղային ժամը» ՝ թվացյալ․ քանզի այդ աստղերը վաղուց մարել են, իսկ երևացող լույսը՝ մնացորդային է։ Նրանց պահվածքի բացատրությունը բավականին պարզ է․ նրանք Ալիևից ավելի շատ են վախենում, քան սովորական ժողովրդից։ Որովհետև Ալիևը նրանց պատժում է, իսկ հայ ժողովուրդը՝ ձգձգում պատիժը։ Այն պահից, երբ իշխող բանդան սկսի վախենալ սեփական ժողովրդից, այդ ժամանակ կտրուկ իրավիճակ կփոխվի հօգուտ Հայաստանի և հայերիս։

Նարինե Հովհաննիսյան․ Արտաքին քաղաքական ի՞նչ գործիքներ են պետք և ի՞նչ դաշնակիցներ, որպեսզի այս իրավիճակը հարթվի։ –Փաշինյանն այնպես է քանդել Հայաստանի դիրքերն աշխարհում, այնքան արկածախնդիր և դավաճանական քայլերի է դիմել, այնքան է թուլացրել և հյուծել մեզ, որ իրենից հետո նախ կարիք կլինի կայունացնել վիճակը, նոր անցնել բուժումների։ Այնպես, ինչպես ծանր վիճակում գտնվող հիվանդների։ Ամենակարևորը այն է, որ արտաքին քաղաքականության գործիքների և դաշնակիցների մասին խոսելուց առաջ, կենսական կարևոր է վերանայել արտաքին քաղաքականության սկզբունքները։ Այն պետք է բխի բացառապես մեր ազգային շահերից, իսկ Նիկոլի այսօրվա գործողությունների հիմքում բացառապես դրսի, օտարի, խալխի շահերն են, որոնց ինքնամոռաց և ազգուրաց սպասարկումը երկարացնում է Փաշինյանի պաշտոնավարումը։ Ռուս կայսր Ալեքսանդր III-ը ժամանակին ասում է, որ Ռուսաստանը ունի ընդամենը 2 հավատարիմ դաշնակից՝ իր բանակը և իր նավատորմը։ Հայաստանը Արցախի այս պահի կորստից հետո ունի մեկ հավատարիմ դաշնակից՝ Հայկական Սփյուռքը, և պատահական չէ, որ Արցախը հանձնելուց, Ռուսաստանի հետ հարաբերություններն այլանդակելուց հետո, Փաշինյանը ջանքեր չի խնայում Սփյուռքը Հայաստանից կտրելու համար։ Ի դեպ, հիշեցնեմ, որ Ալիևի պնդմամբ հայ-ադրբեջանական հարաբերությունները միջնորդների կարիք չունեն և չպետք է լինեն միջազգային քաղաքական օրակարգի մաս։ Կասկած չունեմ, որ Փաշինյանը նաև այս նսեմացմանն է համաձայնելու՝ դարձնելով մեր խնդիրները թուրք-ադրբեջանական դուետի ներքին հարց։ Նաև հիմնավոր կասկած ունեմ, որ այդ օպերացիան իրականացվում է բրիտանական հատուկ ծառայությունների քավորությամբ։ Սերոբ Մանուկյան․ ՀՀ ԱԳՆ կայքից հանել են ԼՂ մասին բոլոր հոդվածները, լավ, հիմա էս ժողովրդին ի՞նչ միջոցով բացատրենք, որ էս ամենի մեջ նախկինները մեղավոր չեն։ -Եկեք տարանջատենք 2 հարց․ Ազգայինի դեմ արշավը և «նախկիններն են մեղավոր» մաշված թեզը։ Սկսենք երկրորդից։ Եթե հասարակության մի մասը դեռ ուտում է նախկինների մեղքի կուտը, ապա, կասկած չունեմ, որ դա անում է ոչ թե իրավիճակը չհասկանալու, կամ փաստերը վերլուծելու անկարողության պատճառով, այլ Նիկոլին իշխանության բերելու բարոյական բեռի տակից խույս տալու ցանկությամբ։ Այդ մարդկանց ավելի հեշտ է ընդունել, որ մածունը սև է, քան մածուն մերողը՝ ավազակ։ Ուստի նման տեսակի հետ շփվելիս պետք է բացատրել, որ ոչ թե նախկինները մեղավոր չեն, այլ որ հենց իրենք մեղավոր չեն 2018-ին Նիկոլին խաբվելու համար, բայց մեղավոր կլինեն հիմա, եթե սեփական խոսքերով չուղղեն 2018-ի սեփական սխալը։ Ինչ վերաբերում է Արցախի հարցով հերթական խայտառակությանը, ապա դա զարմանալի չէ։ Եթե հիվանդությունը չես բուժում, պետք չէ զարմանալ, որ գանգրենան տարածվում է վերև, ուռուցքը մետաստազներ է տալիս, իսկ չբուժվող շաքարախտից կոմայի մեջ ես ընկնում։ Ազգայինի դեմ համատարած, լայնածավալ հարձակումը ունի խորքային բացատրություն։ Ալիևը չի բավարարվում մեր տարածքներով, գյուղերով, ճանապարհներով, որ պատրաստակամորեն հանձնում է Փաշինյանը։ Ալիևի ախորժակը այնքան է բացվել, որ հիմա նա Նիկոլից պահանջում է նաև մեր հոգիները։ Իսկ ինքնությունը հենց ազգի հոգին է, չէ որ ազգային մշակույթ, պատմություն, եկեղեցի, ընտանիք, Արցախ, Սփյուռք մեր ինքնության, այն է՝ հոգու բաղադրիչներն են։ Ուստի Նիկոլը որոշել է հային «բիրիքով» հանձնել Ալիևին։ Նույն օպերացիայից են Անկախության հռչակագրի կամ «ռևանշիստների» դեմ փաշինյանական դիվերսիաները։ Կարեն Լեռնոյան․ Պատերազմ է հասունացել պարոն Աշոտյան, ի՞նչ գնահատականներ կտաք էս ամենին, ի՞նչ կարող ենք անել մենք էստեղ կանխելու համար նոր արհավիրքները։ –2020 թվականի Նոյեմբերի 9-ից հետո հայ ժողովուրդը չի կատարել նոր պատերազմները, նոր կորուստները, նոր զիջումները կանխելու ամենակարևոր քայլը՝ չի հեռացրել Նիկոլին և չի պատժել ահռելի մարդկային և տարածքային կորուստների մեղավորներին։ Ալիևը կմնա անպատիժ այնքան ժամանակ, որքան անպատիժ է Նիկոլը։ Իմ ողջ հարգանքով մեր սահմաններին կանգնած զինվորների հանդեպ, մենք չունենք Նիկոլի շնորհիվ ոչ ներքին, ոչ արտաքին անվտանգային գործուն մեխանիզմներ։ Սեփական բանակը կազմալուծելու, մեր տղերքի վրա մատ թափ տալուն զուգահեռ՝ Փաշինյանը վերածել է Հայաստանը գեոպոլիտիկ բոմժի՝ դիվերսիֆիկացիայի անվան տակ քանդելով հին պաշտպանական համակարգը և չստեղծելով նորը։ Հայաստանը ապագայի շանս կունենա միայն մեկ դեպքում․ եթե հայ ժողովուրդը իշխանազրկի Նիկոլ Փաշինյանին, ուստի փրկության բոլոր ճանապարհները տանում են դեպի Հանրապետության Հրապարակ, հակառակ դեպքում՝ դեպի մոտակա գերեզմանախորշ։ Գայանե Մանուկյան․ Նիկոլը «Telegraph»- ին տված հարցազրույցում ասում է, որ մենք ամենաանվտանգ 7-րդ երկիրն ենք, իսկ այսօր 4 զոհ, նաև ասում է, որ մենք Եվրոպայի առաջ բաց ենք այնքան, ինչքան նա մեզ կթողնի։ Ի՞նչ նոր վտանգներ են պարունակում այս հայտարարությունները։ –Դուք իրավացիորեն մատնանշեցիք Նիկոլի այդ հարցազրույցի բազմաթիվ զավեշտներից 2-ը։ Հերթով վերլուծենք։ The Telegraph-ին տրված հարցազրույցում Փաշինյանը, որպես Հայաստանի անվտանգ լինելու իբր ապացույց, հիշատակել է ինտերնետ-ռեսուրսներից մեկը, որի վարկանիշային աղյուսակը, որքանով հիշում եմ, ստեղծված է ոչ թե ինչ-որ լուրջ միջազգային մեթոդաբանությամբ, այլ պարզապես կայքի այցելուների քվեարկությամբ։ Հասկացանք, չէ՞, իրավիճակի ողջ ողբերգությունը․ Հայաստանի վարչապետը հեղինակավոր լրատվամիջոցին հարցազրույց տալուց հղում է անում ինչ-որ մի կայքի ինչ-որ քվեարկության արդյունքների վրա, այն էլ՝ նման լրջագույն հարցում, ինչպիսին անվտանգությունն է։ Պատկերացրեցի՞ք, թե որքան անլուրջ, թեթևսոլիկ և ջրիկ տպավորություն է թողնում լուրջ շրջանակների վրա, որոնք ծանոթացել են այդ հարցազրույցին, Հայաստանը և նրա ղեկավարը։ Դա նույնն է մոտավորապես, որ Բայդենը իր ելույթի որևէ թեզ հիմնավորելու համար հղում անի Թվիթերի ինչ-որ քվեարկության վրա, կամ Պուտինը՝ Օդնոկլասնիկների ցանցի արդյունքների վրա։ Երկրորդ պնդումը էլ ավելի խայտառակ է։ Վստահ եմ, որ Նիկոլին թվում է, թե եվրոչինովնիկներին գցելու համար նա թույն բանաձև է ընտրել, այն է՝ Եվրոմիության հետ մերձենալ այնքան, որքան նա մեզ կթողնի, սակայն իրականում այս բանաձևը ինքնիշխանության ճգնաժամի մասին վկայող խոստովանություն է։ Ինչպե՞ս կարող է որևէ երկիր չսահմանել հստակ նպատակ, չբխեցնել այդ նպատակը սեփական հստակ շահերից և այդ նպատակին հասնելու համար չանի հստակ քայլեր։ Փոխարենը դիմացինի հետ հարաբերվելու ողջ առաջնորդումը թողնել մյուս կողմի վրա։ Ներեցեք օրինակի համար, բայց «ես սա եմ ուզում» ասելու փոխարեն, Փաշինյանը բոլորիս անունից ԵՄ-ին ասում է «արա ինձ հետ ինչ ուզում ես»։ Շատ ավելի ընդունելի և հասկանալի կլիներ «մենք ուզում ենք ԵՄ անդամ դառնալ» նպատակը, քան նման անմիտ, անողնաշար պնդումը։  

Արմեն Աշոտյան ՀՀԿ փոխնախագահ «Նուբարաշեն» ՔԿՀ 17.02.2024թ․

aravot.am
 

← Վերադառնալ ցուցակին