Լուրեր
Մի քանի օրից հայոց բանակի վերակազմավորման տարեդարձն է․ Լևոն Նազարյան
25.01.2024
ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի քանի օրից հայոց բանակի վերակազմավորման տարեդարձն է։ Նույն իրականությունում Հայաստանի հակահայ իշխանությունը փորձում է "Հայոց պատմություն" հասկացությունը փոխարինել Հայաստանի պատմություն բառակապակցությամբ։ Պատմությունն իր փիլիսոփայությունն ունի, որովհետև այն մարդկանց, հերոսների, նրանց մաքառումների, անկումների ու վերելքների պատմություն է, այլ ոչ թե կադաստրի վկայականից զուրկ անշարժ գույքի։ Իրավիճակը մտորելու առիթ է տալիս, խորհելու դեպքերի ու դեմքերի մասին։
Հերմենևտիկան պնդում է, որ. "փաստերն այդքան կարևոր չեն, որքան այն, թե ինչպես են դրանք մեկնաբանվում"։ Հենց սա է ազգերի համար պատմությունը վերածում ուսումնամեթոդական ձեռնարկի։ Ամեն ժամանակաշրջան առաջադրում է իր խնդիրներն և դրանց հաղթահարման համար մաքառող իր հերոսներին, որտեղ դեպքերի ու դեմքերի փոխառնչությունները համարժեք են տվյալ պահի պատմական անհրաժեշտությանն։ Երբեմն՝ իր կենդանի հերոսներին գնահատել չիմացող ազգերին խրատելու համար, ճակատագիրը հակվում է ժամանակաշրջանային փորձությունները կրկնելու՝ դրա միջոցով իրական հերոսներին ի վերջո հասկացված դարձնելու համար։ Նման դատապարտված հասարակություն ենք նաև մենք՝ հայերս։
Նկարում 2016թ.֊ի ՀՀ անկախության 25֊ամյակին նվիրված զորահանդեսն է, որն ընդունում է ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս, ազգային հերոսներ Ավոյի ու Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր Սերժ Սարգսյանը։ Մյուս նկարում պետական դրոշի հետ միասին զորահանդեսի հրապարակ է բերվում Աշոտ երկաթ թագավորի խաչը։ Ենթադրաբար, ելնելով սիմվոլիզմի մոգականությունից, սույն խաչն իր հետ մեր իրականություն կբերի նաև իր պատմական ժամանակաշրջանի խորհուրդը՝ պահանջելով կարևորել այդ խորհրդին համարժեք հերոսի։
Պատմական ժամանակները ծնում են ճակատագրական դեմքեր, որոնք գալիս են հաղթահարելու պատմական տվյալ շրջանի դեպքերն ու առաջադրելու զարգացման հաջորդ մակարդակի ուղենիշներ՝ նոր հարյուրամյակների համար։ Նման կերպար էր Աշոտ երկրորդ երկաթն, որի մաքառման վրա է կառուցված Բագրատունյաց հարստության և հայոց հետագա պետականության ողջ փառքն ու հռչակը։ Չլիներ իրեն բաժին հասած ժամանակաշրջանը հաղթահարելու Աշոտի մաքառումը՝ չէր լինի իր պետության գոյության հաջորդ փառահեղ 100֊ամյակը։
Պատմական ժամանակաշրջանները հաղթահարելու նման ճիգ է նաև Սերժ Սարգսյանի և իր մարտական ընկերների մաքառումն՝ անկախ ու կայուն պետականություն ունենալու համար։ Նման մաքառումը հնարավոր դարձրեց հայոց բանակի վերակազմավորումն, որն էլ երաշխիքն էր մոտակա հարյուրամյակում առաջանցիկ զարգացում ունենալու համար՝ "խաղաղությո՛ւն ես ուզում, ուրեմն՝ պատրաստվիր պատերազմի՛" աշոտերկաթյան կարգախոսով։
860֊ականներին՝ օգտվելով արաբական խալիֆայության թուլացումից, Բյուզանդիայում հայկական հարստության հաստատումից և ամենակարևորը ներազգային կոնսենսուսի գոյությունից՝ Աշոտ առաջին Բագրատունին վերահաստատում է հայոց պետականությունը 450֊ամյա դադարից հետո։ Նույն Բագրատունյաց Հայաստանի անկումից գրեթե 900 տարի անց նույնական իրավիճակում հնարավոր կլինի վերականգնել հայոց անկախ պետականությունը։
Սակայն 909թ.֊ին անկախ ու ամուր Բագրատունյաց Հայաստանի դեմ կխաղարկվի դավադրություն, որի արդյունքում երկիրը կկորցնի օրինական ղեկավարին, սուվերենությունը, կտիրի երկպառակություն և երկիրը կմխրճվի ծանր քաոսի մեջ։ Մոտ 1200 տարի անց իրավիճակը կրկնվելու հայտ կներկայացնի՝ 2018թ.֊ին կայուն զարգացող, ամուր, աշոտերկաթյան խաչն իրեն զորավիգ ընտրած պետությունը կզրկվի օրինական իշխանությունից, սուվերենությունից, առհասարակ կասկածի տակ կդրվի վերջինիս գոյությունը։
Պատմական սիմվոլիզմի կանոններին համարժեք՝ Բագրատունիների ոխերիմ թշնամին էր Ատրպատականի սաջյան ամիրայությունն՝ ի դեմս ծագումով սելջուկ Յուսուֆի։ Այն նույն Ատրպատականի, որի հանդեպ հավակնություններից ելնելով՝ 1100 տարի հետո հայոց ոխերիմ ախոյան նորաստեղծ սելջուկյան կազմավորումը կկոչվի Ադրբեջան...Չկարողանալով զենքով ծնկի բերել հայոց օրինական տերերին՝ թշնամին դիմում է հայոց իշխաններին պառակտելու և արքայի դեմ գրգռելու մեթոդներին։ Այն ժամանակ հայոց գահի նկատմամբ արդեն հավակնություն էին ներկայացրել Վասպուրականի Արծրունիներն ու սպարապետ Աշոտ Շապուհյանը։ 1100 տարի անց ևս, չկարողանալով ծնկի բերել հայոց նորանկախ պետականությունը, սելջուկյան Ադրբեջանն իր գործակալների միջոցով կդրդի հայոց նորօրյա "իշխաններին" կասկածի տակ առնել գործող սուվերեն իշխանության օրինականությունն, ինչի արդյունքում հայկական պետականությունը կկրի ծանր հարված։
Իսկ 909թ֊ին հայոց երկրորդ իշխանի տիտղոսը կրող Գագիկ Արծրունին գահին տիրելու ձգտումով ու "իշխանություն՝ ինքնիշխանության դիմաց" սկզբունքով կդավաճանի Բագրատունյաց արքային, ինչի հետևանքով ամիրա Յուսուֆը կներխուժի Հայաստան։ Արդյունքում՝ 914թ֊ին, Գագիկը ոչ միայն չի ճանաչվի որպես ամենայն հայոց թագավոր, այլև ամբողջ սրությամբ կդրվի հայոց պետականության լինել֊չլինելու հարցը։ Երկիրը կպառակտվի, կասպատկվի, կքայքայվեն պետական հաստատություններն ու բանակը։
2024թ.֊ի կապիտուլացված, օրինական իշխանությունը կորցրած Հայաստանի նման՝ 909թ.֊ին էլ, կարծես թե մոտ էր նաև Բագրատունյաց թագավորության կործանումը։ Այդուհանդերձ երկիրը թեև պարտված ու թուլացած՝ երկու դեպքում էլ կպահպանի թշնամուն դիմադրելու կարողությունը։ 914թ.֊ին, այդ օրհասական պահին, հայոց թագավորության պահպանման գործը կստանձնի, հայոց գահի վրա աչք տնկած իշխանների կողմից "մերժված" Աշոտ երկրորդ երկաթը՝ ում կվիճակվի մաքառել թե՛ արտաքին և թե՛ ներքին ուժերի դեմ։
2018թ.֊ից մեր իրականություն ներխուժած ճակատագրական փորձությանը՝ պողպատե կամք դրսևորելով կդիմագրավի քաղաքական խրամատը չլքելու դրոշ պարզած և հուսալքության մեղքի մասին բարձրաձայնող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Վերջինիս աննկուն մաքառումը կդառնա հիմնական պատվար՝ ի պահպանումն հայոց պետության և ի սարսափ թշնամյաց։
15 տարի անընդմեջ գտնվելով թամբի վրա՝ Աշոտ երկաթը կհանդիսանա միակն, ով ունակ կլինի ապագայում ոսոխից ազատագրել հայրենիքը, միջազգային արենայում ամրապնդել նրա դիրքերն ու վերջինիս ընձեռնել անկախ զարգացման հեռանկարներ։ Սեփական կյանքից մոտ 25 տարի նվիրած լինելով հայոց բանակի փառքի վերականգնմանն ու անկախ պետության ամրապնդմանը՝ Սերժ Սարգսյանը պատմության այս բախտորոշ փուլում կշարունակի մնալ միակն՝ ով իր անձով ամբողջացնում է փորձառու զինվորականին, ճկուն դիվանագետին և հմուտ պետական գործչին։
Սուվերեն պետականության համար մղվող պայքարում Աշոտ երկաթը կվարի փայլուն դիվանագիտություն, որտեղ՝
ա. կօգտվի թշնամիների միջև առկա խնդիրներից և նրանց կլարի իրար դեմ՝ ստանալով համարժեք օգուտներ։
բ. հակաարաբական դաշինքի հղացման շրջանակներում 916թ.֊ին կդաշնակցի բյուզանդական կայսր Կոնստանտին Ծիրանածինի հետ։
Իր ժամանակի հայոց պետականությունն ամրապնդելու համար համարժեք քաղաքականություն կվարի Սերժ Սարգսյանը ևս՝
ա. ֆուտբոլային դիվանագիտությամբ իրար դեմ կլարի իր հիմնական ոսոխներին՝ ստանալով անհրաժեշտ օգուտներ։
բ. Իր ժամանակի գերտերությունների հետ կգեներացնի դաշնակցային ու բարեկամական հարաբերություններ՝ իր ախոյանի դեմ ընդհանուր ճակատ կազմելու ակնկալիքով։
Արդեն 927թ.֊ին, Սևանի վճռորոշ ճակատամարտից հետո, դրսևորելով աներևակայելի տոկունություն՝ Աշոտ երկաթին կհաջողվի զսպել հայոց գահատենչ իշխանների ախորժակը և դրա արդյունքում ջախջախելով սելջուկ ամիրա Յուսուֆին՝ հայրենիքը վերջնականապես մաքրել թշնամիներից։
2018թ.֊ին հայոց նորօրյա բդեշխների պալատական խժդժության արդյունքում տապալված սուվերենությունը մեզ կտեղափոխի 1100 տարի հետ՝ դեպի պատմական համանմանություն կրող մարտահրավերներ։ Ինչպես Աշոտ երկաթի, այնպես էլ այսօրվա մեր իրականության առջև ծառացած խնդիրներն են՝
1. Բանակցել նորօրյա "Կոնստանտին Ծիրանածինի" հետ հակաթուրքական ճակատի ստեղծման ուղղությամբ։
2. Վերակազմավորել, վերազինել հայկական բանակն ու վերագործարկել պետական կառույցները։
3. Գեներացնել հայրենիքի ազատագրմանն ուղղված վճռական ու խորհրդանշական Սևանի ճակատամարտ։
4. Զսպել իշխանության վրա աչք դրած բդեշխների ախորժակն ու հայրենիքը մաքրել թշնամիներից։
5. Առաջադրել Հայաստանի զարգացման հեռանկարներն արդի ժամանակի համար։
Բագրատունյաց Հայաստանի ժամանակաշրջանին համահունչ՝ մեզնում ևս չկա գահի հավակնորդների պակաս, ոմանք գուցեև իրավացիորեն, ոմանք էլ օտար ուժերի դրդմամբ իրենց համարում են իշխանության ստանձման հիմնական թեկնածուներ։ Սակայն գրեթե բոլորի մոտ բացակայում է ժամանակաշրջանի խորհուրդն ըմբռնելու հոտառությունը։ Հովհաննես Դրասխանակերտցու պնդմամբ Աշոտը "երկաթ" պատվանունը վաստակել է. "Վասն քաջապինդ արիության"։ Դժվար է գուշակել, թե պատմությունը "Պողպատե Սերժ", թե՞ "Սերժ աննկուն " անվանումով կհիշի ՀՀ երրորդ նախագահին...թերևս էական է այն, թե ինչն է վերջինիս առանձնացնում և վեր բարձրացնում իրենց գահի հավակնորդ տեսնող ներհայաստանյան արդի իշխանների պլեադայից։
Սերժ Սարգսյանն, որպես գործոն, որպես պատմական ու պետական կերպար, որպես ռազմաքաղաքական գործիչ իր դեմքով ի վիճակի է միաժամանակ՝
ա. վերահաստատել հայոց պետականության քաղաքական կապերն աշխարհի առաջատարների ու ուժային կենտրոնների հետ։
բ. պահանջել հայանպաստ լուծումների փաթեթային կարգավորումների վերամարմնացում։
գ. նոր շունչ ու նոր զարկ հաղորդել հայկական բանակին։
դ. վերաձևակերպել միջազգային իրավունքից և պատմական արդարությունից բխող հայկական պահանջատիրությունը՝ հիմնված մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների վրա։
ե. վերագործարկել պետական համակարգն։
զ. առաջադրել Հայաստանի զարգացման հեռանկարները՝ ըստ արդի աշխարհի զարգացման օրակարգի։
է. միավորել հայաստանյան առաջատար տեխնոկրատների թիմին։
Սրանք ճակատագրորեն բախտորոշ այն գործոններն են, որոնք այսօր կարող են հնարավոր դարձնել Հայաստանի փրկությունն ու առաջանցիկ զարգացման հարյուրամյակի նվաճումը։ Նոր հարյուրամյակ, որտեղ նոր Անին կրկին կմրցակցի կայսերական Պոլսո հետ, նոր Անիի տեխնոլոգիական լուծումները նորից կդառնան նորահռչակ Փարիզի երազանքն, իսկ նորաստեղծ կիևյան իշխանության ներկայացուցիչները կրկին կգան սովորելու քաղաքաշինության գաղտնիքները։
Իբրև իր պայքարի հաղթանակի խորհրդանիշ և ի անպատվություն արաբ խալիֆի՝ Աշոտ երկաթն ի տես բոլորին ավանակին հակառակ նստեցված արաբ ոստիկանին վտարում է Հայաստանից։
Կկարողանանք արդյո՞ք այսօր մենք էլ ջախջախել նորօրյա Ատրպատականի ամիրա Յուսուֆին ու ցուցադրաբար ավանակին հակառակ նստեցված Հայաստանից վտարել խալիֆի ուղարկված ոստիկանին, թե՞ ոչ՝ կախված է պատմության փիլիսոփայությունն ընկալելու և դեմքերն ու դեպքերը ստույգ արժևորելու մեր հավաքական կարողությունից»։