Լուրեր

ՀՀ արտաքին պարտքը Նիկոլ Փաշինյանը 6 տարում 6 մլրդ ԱՄՆ դոլարից հասցրել է 12 միլիարդի. Արմեն Աշոտյան

21.01.2024

 «Ակնհայտ է, որ տնտեսական ոլորտում եւս Փաշինյանը տալիս էր սուտ խոստումներ, հիշո՞ւմ եք, չէ՞, «տնտեսական հեղափոխություն», «կախարդական փայտիկ»  և այլ նմանատիպ փուչիկները։ Իրականում 6 տարում Փաշինյանը կրկնապատկել է Հայաստանի արտաքին պարտքը` 6 մլրդ ԱՄՆ դոլարից այն հասցնելով գրեթե 12 մլրդ։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում դեպի երկիր հեշտ փողի մուտք սկսվեց։ Այսինքն Հայաստանի ներկայիս փողի մի մասը պարտքով է, մյուսը` օդից է ընկել, այնինչ տնտեսության հիմնական ճյուղերից արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կապիտալ շինարարությունը խորը ճգնաժամի եզրին են հայտնվում»,- «5 հարց Արմեն Աշոտյանին» խորագրի շրջանակներում, քաղաքացի Լիաննա Փիլավջյանի հարցին պատասխանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ մասնագետ չէ և ոլորտից տեղյակ է այնքանով, որքանով պետք է իմանալ` քաղաքականությամբ զբաղվելու համար, քանզի տնտեսությունը և քաղաքականությունը խիստ փոխկապակցված են։ Քաղաքացին հետաքրքրվում է՝ արդյո՞ք հնարավոր է տնտեսական զարգացումը առանց հարկերի բարձրացման։

Բուն հարցի մասով էլ, ՀՀԿ փոխնախագահը նկատում է՝ հիմնականում հակառակն է ընդունված` իջեցնել հարկերը հանուն բուռն տնտեսական աճի եւ առավել պրոֆեսիոնալ, մանրամասն տեղեկություններ ստանալ հորդորում է՝ հարգարժան և բարձր պրոֆեսիոնալ գործիչների հարցազրույցներից` Հրանտ Բագրատյան, Վաչե Գաբրիելյան, Վարդան Ադամյան և այլք։

Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

aravot.am

← Վերադառնալ ցուցակին