Լուրեր

Կա՛մ Հայաստանը կզիջի, կա՛մ Ադրբեջանը կգրավի

19.01.2024

 Հունվարի 17-ին ԵԽ նախարարական կոմիտեի հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հայտարարել է՝ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները կարող են լրջորեն խաթարել խաղաղության հաստատման գործընթացը։ Այս մասին Խաչատրյանն ասել է՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 10-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ արված հայտարարություններին։

 
Հիշեցնենք՝ Ալիևը հայտարարել էր, որ եթե ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցք»-ը չտրամադրի, ապա Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի հետ որևէ այլ տեղում սահման բացել։ Նա նաև ասել էր, որ մերժում է խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ ամրագրելու, զորքի հայելային ետքաշման Երևանի պահանջները՝ միևնույն ժամանակ առաջ քաշելով «8 գյուղերի վերադարձի» հարցը։
 
Այսպիսով, ինչու՞ է Ադրբեջանը միտումնավոր խաթարում խաղաղության գործընթացը։ Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը մեկնաբանություն է խնդրել Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանից։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն, ի սկզբանե, Հայաստանի հետ բանակցություններում կիրառել է առավելապաշտական մոտեցումներ և հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո փորձել է հասնել իր առավելագույն պահանջների կատարմանը։
 
«Դա, իհարկե, չէր սահմանափակվում միայն Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության սահմանմամբ․ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո վերահսկողություն է հաստատել Հայաստանի ինքնիշխան տարածքներում՝ տարբեր բնակավայրերի ուղղությամբ, իսկ ներկայումս տարածքային հավակնություններ է դրսևորում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի նկատմամբ։ Իհարկե, հասկանալի է, որ նրա պահանջները և քայլերը շատ բանով նաև պայմանավորված կլինեն ռեգիոնալ կա՛մ աշխարհաքաղաքական տարբեր իրողություններով, կա՛մ դասավորություններով, և այս պայմաններում Ադրբեջանը գնալու է ցանկացած ճանապարհով, որի մասին շատ հստակ հայտարարում է։
 
Իսկ իրական պատկերը հետևյալն է․ Ադրբեջանն ասում է՝ կա՛մ Հայաստանը կզիջի այդ տարածքները խաղաղ ճանապարհով, կա՛մ չի բացառում, որ դրանք իրեն կանցնեն պատերազմական ճանապարհով»,- եզրափակեց Աբրահամյանը։

oragir.news

← Վերադառնալ ցուցակին