Լուրեր
Կալանքը որպես խափանման միջոց այս իշխանության պատժիչ գործիքակազմի ամենասիրելի ու նախընտրելի մեթոդներից է․ Տիգրան Աբրահամյան
11.01.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կալանքը որպես խափանման միջոց այս իշխանության պատժիչ գործիքակազմի ամենասիրելի ու նախընտրելի մեթոդներից է:
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն, օրինակ` 1.5 տարի է բանտում է: Նախաքննությունն ավարտված է, դատական պրոցես է ընթանում, բայց իշխանությունը որոշել է, որ գեներալը պետք է հիմիկվանից պատիժ կրի:
Ինչո՞ւ պատիժ կրի, որովհետև ի սկզբանե մեղավոր է նշանակված, քաղաքական հանձնարարությունը կա և մնացել է միայն ֆորմալ մասն ապահովել:
Այսօր առիթ ունեցա «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում վերջինիս հետ տեսակցել:
Բազմաթիվ պատերազմական վիրավորումներ ունեցող Արզումանյանն այսօր ստացիոնար բուժման կարիք ունի, սակայն որպես լրացուցիչ պատժիչ գործիք, դրա հնարավորությունը չի ստանում:
44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լիարժեք բացահայտվեն և հանրությունը պետք է հստակ իմանա, թե ով ինչ է արել կամ չի արել ու տեղի ունեցած ողբերգությունում ինչ պատասխանատվություն ունի:
Բայց, բնականաբար, դա չի կարող տեղի ունենալ այն իշխանության օրոք, ով ոչ միայն պատասխանատվություն և մեղսակցություն ունի, այլ ի սկզբանե ուղղորդում է դատաիրավական համակարգը ու սեփական պատկերացմամբ սցենար և ներկայացում բեմադրում» :