Լուրեր

Արմեն Աշոտյան ջան, ներիր որ սրանց դեռ չենք կարողացել հեռացնել․ Մարգարիտ Եսայան

09.01.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
« «Շնորհավոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ» ,-սա  նախադասություն է, որ   անընդհատ կրկնեցինք, ասացինք, գրեցինք․․Ինքս էլ շատերին  ուղղեցի այս խոսքը, շատերը ՝ինձ մաղթեցին։ Միայն իմ ընկեր Արմեն Աշոտյանին ուժ չունեցա ասել այս խոսքերը, ասել այսպես  հեռվից,  վիրտուալ  կամ՝  հրապարակավ , թեկուզ՝  առանձին գրությամբ։
Ուժ չգտա, Արմեն Աշոտյանին ասել այս  նախադասությունը․․Ամաչեցի, տխրեցի, կծկվեցի, քանի որ այս ամբողջ ընթացքու մ իմ ընկեր Արմեն Աշոտյանը մնաց անազատության մեջ, մնաց մի սրիկա հայրենիքավաճառի կամոք, մնաց անազատության մեջ, իր ընտանիքից հեռու եւ մենակ,   եւ դա բոլորիս ամոթն է, դա  սրիկայի հաղթանակն է։
 
Այսօր  շատ մտածեցի  թե ինչի մասին պետք է լինի 2024-ի իմ առաջին քաղաքական գրառումը։ Ու  աներկբա է՝ պետք է գրել անազատության  մեջ գտնվող մեր   պետական-քաղաքական գործիչների մասին, քաղբանտարկյալների մասին, որ դեռ  Երեւանի ու Բաքվի բանտերում են։
 
Նրանք  փակի տակ  են, որովհետեւ ուժեղ են, , որովհետեւ   ունեն գաղափարներ եւ սկզբունքներ,որովհետեւ ունեն հայրենիք ու սիրում են այդ հայրենիքը։Նրանց բոլորին եւ իմ ընկեր Արմեն Աշոտյանին  ուզում եմ  ասել՝ Արմեն Աշոտյան ջան,   ներիր որ սրանց դեռ չենք կարողացել  հեռացնել, ներիր, որ   մեր պայքարը դեռ կոնկրետ  պտուղներ չունի, ներիր, որ   դեռ չենք կարողացել ազատագրել երկիրը։ 
Եւ, քանի որ շուտով նաեւ Հին Նոր տարին է  մոտենում, մաղթանքս մեկն է՝ ազատ տեսնել մեր ընկերներին, ազատ տեսնել Արցախի  ռազմական եւ  պետական ղեկավարությանը, ազատ տեսնել Նարեկին, Արմենին, բոլորին։ 
 
Այ, էդ օրը, Արմեն ջան, քո երգը կհնչի  ու մենք իզուր բառեր չենք շռայլի, իրար կհասկանանք առանց բառերի ու մի լավ կգինովնանք․․․Նոր պայքարի ու  հաղթանակի  պատրաստ։
 
Շնորհավոր Նոր Տարի, Արմեն Աշոտյան,  էս տարին վերջապես թող լինի հայի ու Հայաստանի  կողքին․․․»։

← Վերադառնալ ցուցակին