Լուրեր
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան սգո մատյանում ցավակցական գրառում կատարեցի․ Տիգրան Աբրահամյան
05.01.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան սգո մատյանում ցավակցական գրառում կատարեցի Իրանի Քերման քաղաքում, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ, որի հետևանքով մեծաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել:
Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը պարբերաբար ահաբեկիչների թիրախ է դառնում, դեռ չեմ խոսում այն պետությունների մասին, որոնք իրենց գործելաոճով ու քաղաքականությամբ նպաստում են ահաբեկչական խմբավորումների ակտիվացմանը:
Հեռու չգնանք: Ադրբեջանի գործողություններն Արցախի ու Հայաստանի դեմ շատ դեպքերում ահաբեկչական ձեռագիր ունեն:
Թուրքիան 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ ահաբեկիչներ էր մատակարարում տարածաշրջան ու Արցախի դեմ ագրեսիային մասնակից դարձնում:
Բնականաբար այսպիսի ռեգիոնի պարագայում ահաբեկչության սպառնալիքը մշտապես գերիշխող է լինում:
Եվս մեկ անգամ ցավակցում եմ մեր բարեկամ Իրանին` համոզված լինելով, որ այս ծանր շրջանը պատվով կհաղթահարի» :