Լուրեր

Արմեն Աշոտյան. «Ինձ ապօրինի կալանավորելը չորս նպատակ է հետապնդում»

16.12.2023

 Արդեն վեց ամիս անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ից շարունակում է հարց ու պատասխանի ձեւաչափով կապ պահպանել հանրության հետ։ Կարեն Ղազարյան. «Ի՞նչ եք կարծում, ձեզ ե՞րբ ազատ կարձակեն, ինչի՞ դիմաց եւ արդյո՞ք դա կլինի Նիկոլի օրոք»։
 

Արմեն Աշոտյան. «Շատերը գիտեն, որ իմ դեմ հարուցված գործը սարքված է։ Բայց դատական նիստերի մեկնարկից ընդամենը 2-3 նիստ անց այս իրողությունը հասկանալի դարձավ հասարակության մեծամասնությանը։ «Թալանչի շոուն» տապալվեց եւ վերածվեց թքած-կպցրած գործի՝ «Փինաչի շոուի»։ Իմ եւ մի քանի տասնյակ իմ հայրենակիցների քրեական հետապնդումը մաքուր քաղաքական բռնաճնշում է, որն իր նպատակին չի հասնում։ Ես չեմ լռում անգամ բանտախցից։ Գործի հանրային ընկալումը իշխանությունների օգտին չէ։ Փնթի արած գործը թութք է, «գեմորոյ» է դարձել հենց Փաշինյանի համար։ Եվ սա դեռ վերջը չէ։ Իհարկե, նա կփորձի մոմիկներով թեթեւացնել իր թութքային ցավերը, բայց ապարդյուն։ Ուստի վիրահատությունը անխուսափելի է լինելու։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր պայքարում են քաղբանտարկյալների ազատման համար, հազարավոր հայրենակիցներին եւ խիղճը չկորցրած ԶԼՄ-ներին եւ գործիչներին»։

Սերոբ Անանյան. «Կա՞ քաղաքական ուժ ՀՀԿ-ից բացի, որ կարող է առաջնորդել Նիկոլի դեմ պայքարը։ Եվ եթե կա, կամ ոչ, ՀՀԿ-ն ե՞րբ է իր դեմքով գործուն քայլեր ձեռնարկելու՝ Նիկոլի դեմ պայքարը ամբողջովին իր վրա վերցնելու համար։ Տեսնո՞ւմ եք Ձեզ առաջնորդ այդ պայքարում»։ Արմեն Աշոտյան. «Գաղտնիք չէ, որ հանրապետականների դեմ շարունակում են պայքարել թե իշխանությունները, թե նաեւ ընդդիմության որոշ շրջանակներ։ Հինգ տարի է փաշինյանական հրոսակախումբը մերժում է ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին, բայց՝ ապարդյուն։ Եթե խնդիրը մեզ իշխանությունից զրկելն էր, ապա ինչո՞ւ է Նիկոլը մինչեւ հիմա ՀՀԿ-ացավով տառապում։ Պատասխանը շատ պարզ է։ Մեր դավանած արժեքները՝ հայրենիք, ազգ, հավատք, վտանգ են Փաշինյանի համար։ Ուստի նա մեզ դիտարկում է գաղափարական հակառակորդներ՝ անշուշտ, համեմված անձնական քինախնդրությամբ։ Մեզ մոլագարի պես մերժելու կռիվը նախեւառաջ մեր արժեքները մերժելու հիվանդագին մոլուցքն է, որովհետեւ հնարավոր չէ մերժել անմերժելին։ Իրենց ընդդիմություն համարող, բայց մեր դեմ Նիկոլից ավելի պայքարողների շարժառիթները տարբեր են. անձնական ամբիցիաներից մինչեւ որոշ արտաքին շահերի սպասարկում։ Ի տարբերություն նրանց, ՀՀԿ-ն ամբիցիաներ չունի, բացառապես ծառայում է հայկական շահերին։ Ցավոք, այս պահին չկա որեւէ ուժ, որ միայնակ կարող է վերջ դնել փաշինյանական ռեժիմին։ Եվ իրականում լայն, առանց քարեր փեշերին լայն կոնսոլիդացիայի կարիք կա։ Հանրապետականը ընդդիմադիր պայքարի բոլոր փուլերում մաքսիմալ ջանք է ներդրել մեզ վերապահված ճակատների պայքարում։ Եթե ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարները կոնսենսուսով ավելի մեծ բեռի պատասխանատվություն դնեն ՀՀԿ-ի վրա, վստահ եմ, որ մենք բոլորի հետ միասին պատվով կկատարենք մեր առաքելությունը։ Կարեւորը, որ այդ շարժումը լինի ազնիվ, անշահախնդիր, անկեղծ։ Կապ չունի, թե ով է առաջին ջութակը, եթե մնացած երաժիշտները ֆալշ նվագեն: Ինչ վերաբերում է իմ անձին, ապա «զրո հավակնություններ» մոտեցումը տարածվում է ինձ վրա նույնքան, որքան նժդեհյան «կուսակցությանս հետ եւ ազգիս համար» բանաձեւը։ Աննա Մարտիրոսյան. «Ձեր ընտանիքի, ընկերների եւ կուսակիցների հետ ինչպե՞ս եք կապը պահում։ Ձեզ վրա ճնշումներ չե՞ն գործադրում բանտախցում։ Ինչպե՞ս են Ձեզ վերաբերվում այդտեղ»։ Արմեն Աշոտյան. «Արդեն վեց ամիս ձգվող ազատազրկման առաջին երեք ամիսը արգելված էին իմ շփումները անգամ ընտանիքիս հետ։ Մեղմ ասած, զավեշտալի էր մտածել, որ իմ անչափահաս որդիների հետ կապը կարող էր խոչընդոտել գործի քննությանը։ Բայց գործող վարչախումբը չի խորշում նման ստոր գործիքակազմից օգտվելուց, որի նպատակն ինձ լրացուցիչ ցավ պատճառելն է։ Հետո բացվեցին հնարավորություններ մերձավորներիս հետ հանդիպելու։ Հիմա արգելանքը ամբողջությամբ հանվել է եւ բացի ընտանիքիս անդամներից, ինձ տեսակցելու իրավունք ունեն ընկերներս եւ պատգամավորները։ Սահմանված կարգով ունեմ նաեւ զանգելու իրավունք, սակայն հիմնականում կապը արտաքին աշխարհի հետ ապահովում են իմ փաստաբանները, որոնց շնորհակալ եմ իրենց աշխատանքի համար։ Ավելորդ չի շեշտելը, որ ամսական երկու տեսակցության հնարավորություն ունեմ ընտանիքիս հետ։ Բանտախցում մենակ եմ ու հիմնականում իմ եւ աշխատակազմի հետ հարաբերությունները խիստ կանոնակարգային, աշխատանքային են։ Վերաբերմունքը խարսխված է փոխադարձ հարգանքի եւ օրենքի վրա։ Անշուշտ, հիմնարկն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք ազդում են նաեւ ինձ վրա, ինչպես մյուս ազատազրկվածների։ Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա ինձ ապօրինի կարգով կալանավորելը չորս նպատակ է հետապնդում։ Առաջին. լռեցնել՝ չստացվեց։ Երկրորդ. ստանալ «թալանչի շոու»՝ տապալվեց։ Երրորդ. վատաբանել ինձ միջազգային գործընկերների մոտ՝ հակառակը ստացվեց։ Չորրորդ. վախեցնել մնացածին՝ հուսանք՝ չստացվեց»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

aravot.am

 

← Վերադառնալ ցուցակին