Լուրեր

Արմեն Աշոտյան․ «Այսքանից հետո Նիկոլի պաշտոնավարումը բնական չէ»

10.12.2023

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրում գտնվելով էլ շարունակում է ակտիվ քաղաքական գործունեությունը։ Նա մշտական կապ է պահպանում քաղաքացիների հետ եւ պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին։ Տաթեւիկ Հովսեփյան․ ֆեյսբուքյան օգտատեր․ «Ինչո՞վ եք պայմանավորում ընդդիմության անգործությունը, երբ պետք է ինչ-որ բան անենք եւ հասնենք հաջողության»։

Արմեն Աշոտյան․ «Թույլ տվեք չհամաձայնել ընդդիմության անգործություն ձեւակերպման հետ։ Ընդդիմությունը հիմա էլ է զբաղված տարաբնույթ նախաձեռնություններով եւ աշխատանքներով։ Ուրիշ բան, որ ասեք՝ ընդդիմության անարդյունավետություն՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի շարունակվող կործանարար պաշտոնավարումը։ Դեռեւս ազատության մեջ լինելով՝ ես հայտարարել եմ, որ Նիկոլին պաշտոնազրկելու եւ չընդհատվող աղետը կանգնեցնելու համար ընդդիմությունը նոր դեմքերի, նոր գաղափարների եւ նոր մեթոդների կարիք ունի։ Որոշ իմ գործընկերներ նեղվեցին իմ այդ գնահատանքից, բայց հետագա ընթացքը, ավաղ, ապացուցեց, որ ես իրավացի եմ։ Անկեղծ ասած, ինձ մտահոգում է «բնականոն գործունեություն» ձեւակերպումը քաղաքական զարգացումների մասին, քանզի մեր երկիրը գտնվում է անբնական վիճակում։ Այսինքն, այսքանից հետո Նիկոլը պաշտոնավարում է՝ բնական չէ, Արցախի հայաթափումը բնական չէ, Հայաստանի չոքած վիճակը բնական չէ, մի ժողովրդի չսփոփվող ցավը եւ շարունակվող տանջանքները բնական չեն։ Այս անբնական դառը իրականությունը հնարավոր չէ փոխել բնականոն աշխատանքով»։ Գարիկ Ղազարյան․ ֆեյսբուքյան օգտատեր․ «Այսպես կոչված, ընդդիմադիրներ կան, որոնք պայքարում են ՀՀԿ-ի դեմ, ինչպես  Նիկոլը։ Ի՞նչ է պետք անել այդ ընդդիմադիրների հետ։


Ա․ Ա․ «ՀՀԿ-ի եւ անձամբ Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալից առայսօր կախվող շրջանակներին կարելի է դասակարգել մի քանի խմբերի։ ա)  իշխանությունների օրակարգը սպասարկող, բայց իրենց ընդդիմություն հռչակածներ, բ) իբր, այս կամ այն ընդդիմադիր ճամբարին պատկանող, բայց իրականում ներդրված սադրիչներ, գ) արտաքին շահեր սպասարկողներ, որոնք մինչեւ հիմա չեն մարսում 3-րդ նախագահի եւ «Հանրապետականի» իրականում անխափան լինելու փաստը, դ) 2018-ը ճիշտ էր, բայց Նիկոլը՝ սխալ ինքնախաբեության ջահակիրներ, ե) մեր հաշվին քաղաքական դաշտում կայանալու փորձեր անող անհաջողակներ, զ) 2018-ին խաբված եւ սեփական սխալը չընդունող անազնիվներ։ Ի՞նչ է պետք անել այս դեպքում։ Նախ, չշեղվել քաղաքական պայքարի բուն նպատակներից։ Միաժամանակ թիրախային հակադարձել նման պահվածքով կամա եւ ակամա Նիկոլին սպասարկողներին։ Եվ, իհարկե, շարունակել բաց, ազնիվ, հիմնավոր երկխոսել հայ հասարակության հետ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

aravot.am

← Վերադառնալ ցուցակին