Լուրեր

Արմեն Աշոտյանը՝ քաղբանտարկյալի իր առօրյայի, Արցախի հարցի եւ «Պետություն՝ առանց տարածքի» կոնցեպտի մասին

02.12.2023

 Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին քաղաքացիները հարցեր են ուղղել, որոնցից ընտրված 5-ին նա պատասխանել է: Օգտատերերից մեկին հետաքրքրում էր, թե ինչպես է անցնում քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի առօրյան կալանավայրում: «Այստեղ օրերը նման են իրար, եւ այդ բթացնող միապաղաղությունը կոտրելու համար կարիք կա ճշգրիտ կազմակերպել ժամանակը: Ես այն լցնում եմ ընթերցանությամբ, մտավոր աշխատանքով, չեմ խորշում հնարավոր ֆիզիկական ակտիվությունից: Կարեւոր է նաեւ մի կողմից խեղդել կարոտը, որը խանգարում է այստեղ, մյուս կողմից մտովի մշտական կապի մեջ լինել ինձ հարազատ մարդկանց հետ: Սա է բոլոր ժամանակներում բանտարկված մարդկանց առջեւ կանգնած մարտահրավերը շատ ժամանակի քիչ տարածության մեջ լուծելու իմ բանաձեւը»,-հարցին այսպես է պատասխանել Արմեն Աշոտյանը: Օգտատեր Խաչիկ Գալստյանի հարցը հետեւյալն էր՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ հայկական Արցախի էջն իր համար փակված չէ, իշխանափոխությունից հետո ի՞նչ պետք է արվի Արցախի էջը բաց պահելու համար:

«Ազնվորեն պետք է ասել, որ այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե երբ կլինի իշխանափոխությունը, եթե Փաշինյանը հեռանար նոյեմբերի 9-ից հետո կամ 2021թ ընտրություններից հետո կամ այս տարվա սկզբից, ամեն փուլում հնարավոր կլիներ խուսափել լրացուցիչ կորուստներից եւ նահանջներից: Արցախի էջը բաց պահելու համար կարեւոր եմ համարում իմ հոդվածներում առաջարկված «Պետություն՝ առանց տարածքի» կոնցեպտի մշակումը եւ կիրառումը: Իսկ իշխանափոխությունից հետո այդ հիմքի հիման վրա կարիք կլինի  վերակառուցել արտաքին քաղաքականությունը եւ անվտանգային հայեցակարգը: Ցավոք, այս ձեւաչափով ավելի շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, սակայն  իմ հնարավոր ազատ արձակումից հետո կփորձեմ ուղիղ եթերում  շարադրել այդ հարցի հետ կապված առաջարկներս»,-այս հարցին էլ այսպես է արձագանքել Արմեն Աշոտյանը կալանավայրից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
aravot.am

← Վերադառնալ ցուցակին