Լուրեր
«Ես բանտախցում ավելի ազատ եմ, քան իրենց սրտերն ու ուղեղները՝ Նիկոլի կեղծիքներին հանուն մի փոր հացի գերության տված շատ գործիքներ». Արմեն Աշոտյան
02.12.2023
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ուղղված 5 հարցերից 4-րդը, որ ուղարկվել էր Բրյուսելից, հետեւյալն էր՝ ի՞նչ կանի ՀՀԿ-ն հասարակության բեւեռացումը, սեւերի եւ սպիտակների բաժանումը հայերի միջից հանելու համար: «Հայաստան Նիկոլից հետո. ՊոստՆիկոլ կոնցեպտի շուրջ մտորելիս եւ հիմա» ես հոդված եմ պատրաստում, որը կհրապարակվի հաջորդ շաբաթ, շնորհակալ կլինեմ, եթե ծանոթանաք եւ արձագանքեք իմ պատկերացումներին: Ակնհայտ է մի բան, եթե մենք չհաջողենք ներսում վերականգնել մեզ միավորող արժեքները, ապա դրսում մրցունակ լինել չենք կարող»,-առցանց հարթակում այսպես է հնչել Արմեն Աշոտյանի պատասխանը նշյալ հարցին: Ֆեյսբուքյան օգտատեր Սիրանույշ Մովսիսյանն էլ հետեւյալ հարցն էր ուղղել ՀՀԿ փոխնախագահին. «Ինչո՞ւ է ձեզ Նիկոլը պահում բանտում, վախենո՞ւմ է, եթե այո, ապա ինչի՞ց, ըստ ձեզ»: Ի պատասխան Արմեն Աշոտյանը հետեւյալ կերպ է արձագանքել. «Իմ ազատազրկվելու կես տարվա պատմության մեջ, կարծում եմ, միախառնված են մի շարք գործոններ: Նիկոլի կողմից ակնհայտ վրեժխնդրության, նրան սպասարկող ռեպրեսիվ ապարատի պնակալեզության եւ ծառայամտության, իշխող թայֆայի կողմից ինտելեկտուալ եւ բովանդակային սնանկության, ինչպես նաեւ ուրիշներին վախեցելու ցանկության, «խելոք մնացեք թե չէ Աշոտյանի նման կնստացնենք» բանաձեւով է պայմանավորված:
Հուսով եմ՝ իմ ազատազրկվելը ոչ թե վախեցրել է Փաշինյանի դեմ պայքարող իմ հայրենակիցներին, այլ լրացուցիչ խթանել այդ պայքարին: Բոլոր դեպքերում, ես բանտախցում ավելի ազատ եմ, քան իրենց հոգիները, սրտերը, ուղեղները՝ Նիկոլի ստերին, կեղծիքներին հանուն մի փոր հացի գերության տված շատ գործիքներ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
aravot.am