Լուրեր
Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված․ Տիգրան Աբրահամյան
28.11.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված:
Բացի այն հանգամանքից, որ դրանց հանձնումը որևէ տրամաբանական դատողության մեջ չի տեղավորվում, կան նաև այլ կարևոր առանձնահատկություններ:
Նախ ադրբեջանական պահանջները ենթադրում են ոչ թե փոխադարձ պայմանավորվածություններ, այլ Հայաստանի միակողմանի զիջումներ:
Երկրորդ, կան տարածքներ (ոչ միայն Արծվաշենը), որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, սակայն դրանք Ադրբեջանը չի պատրաստում հանձնել կամ փոխանակել:
Երրորդ, Ադրբեջանի նպատակը զուտ հայկական 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի, այլ դրա միջոցով ՀՀ ռազմավարական կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողությունն է ու մեր երկրի կենսունակությունը շարքից հանելը:
Մինչև իշխանական հովանոցի տակ գործողները քարոզում են այդ տարածքների հանձնումը «հանուն խաղաղության» կարգախոսով, Ադրբեջանը նոր տարածքային և տարածաշրջանային հավակնություններն է ձևակերպում»: