Լուրեր

Մեզ համար Հայկը չի պարտվել, այլ հաղթել է ոսոխ Բելին․ Հենրիխ Դանիելյան

28.11.2023

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բոլորի համար պարզ է, որ 2018 թվականի իշխանազավթումից հետո Հայաստանում չեն գործում կամ քանդվում են պետական այնպիսի ինստիտուտներ ինչպիսիք են՝ բանակը ու ուժային մնացած կառույցները, իրավական համակարգը, արտաքին քաղաքականությունը, կրթական համակարգը և պետության ողնաշար հանդիսացող այլ համակարգներ։ 

Այս ամենը զավթվել են ապիկարների, կիսագրագետ և սեփական Հայրենիքից վրեժ լուծելու մոլուցք ունեցող կառավարիչների ձեռքով։ 
Պետական ինստիտուտների քանդման թիրախ էր դարձել և ոչնչացավ նաև ՀՀ նախագահի ինստիտուտը:
Վագահն Խաչատուրյանը Հայաստանի պատմության մեջ այն պետական գործիչ է, ով ջանք ու եռանդ չի խնայել, ամեն գնով քանդելու և քարը քարին չթողնելու իրեն վստահված համակարգը։ 
Ի՞նչ է այսօր խոսում այս տխրահռչակ գործիչը։ 
«Արցախը Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991թ, Արցախի պետական ինստիտուտները գործում են, որ ի՞նչ անեն, ի՞նչ գործառույթ պիտի իրականացնեն…Արցախահայության իրավունքները Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է»: 
 
Բայց արդյոք պաշտպանու՞մ է և ովքե՞ր են այդ պաշտպանները։ 
Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ սրանք ուրանում են ոչ միայն 44-օրյա պատերազմի հերոսներին, ուրանում են ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթանակ կերտած հերոսներին, այլ ուրանում են առաջին Ղարաբաղյան հերոսամարտը, որի արդյունքում ազատագրվել են հայկական հազարամյա բնակավայրեր, պատերազմը, որի արդյունքում ազատագրված հայկական հողը սրանք հանձնել են թշնամուն, որը ուրանալով, սրանք ուրանում են մեր պատմությունը, ուրանում են մեր հաղթանակները, ուրանում են մեր ազգային ազատագրական պայքարը:
 
Բայց պայքարի մասին խոսելիս մենք շեշտում ենք՝ «Մե’ր» հաղթանակները, երբեք չենք ասում նրանց, քանի որ, սրանց համար դա հաղթանակ չէ և չի էլ եղել։ 
Սրանց համար գոյություն չունի Հայկական օրակարգ, սրանց համար գոյություն չունի հայկական երազանք։ Նրանց խոսույթը չի տարբերվում ալիևյան խոսույթից, նրանց երազանքները չեն տարբերվում էրդողանի երազանքներից՝ Հայաստանի չլինելու բաղձալի երազաքնի վերաբերյալ։
Սրանք թրքասեր են, հայատյաց, սրանց լկտիությունը հասել է այնտեղ, որ ժամանակին այդպես միայն մտածում էին, իսկ այժմ ոչ միայն արտահայտվում են, այլ մասնակիցն են դառնում այդ ամենի իրագործմանը։ Այլևս վատ չեն զգում, երբ իրենց թուրք են անվանում և այս ամենը ունի մեկ բացատրություն՝ ականջահաճո է լսել այդ ամենը, քանի որ իրենց էությամբ, մտերով, երազանքներով, ծրագրերով և իրականցվող գաղափարներով մտածում և գործում են թուրքերեն։ 
 
Հ.Գ Մեզ  համար Հայկը չի պարտվել, այլ հաղթել է ոսոխ Բելին, հայերի համար Արցախը Հայկական է եղել, կա և լինելու է, մեզ համար հայկական Արցախի էջը փակված չէ, մենք պայքարել և պայքարելու ենք, թե’ թուրքերի, թե’ նրանց հպատակների դեմ և թույլ չենք տալու Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ, իսկ հետո ասել, որ Հայաստանը դեռ Տիգրան Մեծի ժամանակ Թուրքիայի մաս էր կազմում»:

← Վերադառնալ ցուցակին