Լուրեր
Ազատությո՛ւն Դավիթ Իշխանյանին և Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին․ Տիգրան Աբրահամյան
06.11.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լավ ու հպարտ ժամանակներ էր, գնում էինք Արցախ, մեր ընկերներին հանդիպում, տարբեր հարցեր քննարկում, համատեղ նախաձեռնություններ պլանավորում:
Հիմա ո´չ Արցախ գնալու ճանապարհ կա, ո´չ էլ մեր որոշ ընկերներին հանդիպելու հնարավորություն կա:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին 6-7 տարի է ճանաչում եմ: Արցախի ու, առհասարակական, հայկական իրականության ամենապարկեշտ ու ազնիվ գործիչներից է, ով անսահման սիրում է Արցախը:
Իշխանյանի հետ շատ էինք շփվում և´ Արցախում աշխատածս տարիներին, և´ դրանից հետո:
Նրա հետ երկար կարելի էր զրուցել բոլոր թեմաներով` մարդկային հարաբերություններից մինչև քաղաքական ամենասուր իրավիճակներ` միշտ հավասարակշռված էր, օբյեկտիվ և իրադրությունը միշտ բազմաթիվ դիտանկյուններից էր վերլուծում:
Առհասարակ Արցախում և Հայաստանում չեմ հանդիպել մարդու, ով անկախ քաղաքական կողմնորոշումներից կամ դիրքորոշումներից դրական չէր արտահայտվում Դավիթ Իշխանյանի մասին:
Իշխանյանի հետ լիքը կիսատ զրույցներ ու անելիքներ ունենք և իր վերադարձից հետո անշուշտ դրանց մասին խոսելու ու պլանավորելու ժամանակ կգտնենք:
Ազատությո՛ւն Դավիթ Իշխանյանին և Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին` անկախ նրանից, թե ով և ինչ հանգամանքներում է հայտնվել բանտում»: