Լուրեր
«ՈՄԱ»-ի այս ծրագիրը թաղելու համար իշխանությունը դաշտ է նետել Անդրանիկ Քոչարյանին․ Տիգրան Աբրահամյան
04.11.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գմբեթ 2» պաշտպանական կետերի կառուցման աշխատանքների մասով հակասական իրավիճակ է ստեղծվել:
Կազմակերպության ներկայացուցիչը պնդում է, որ այն իրականացվում է ՊՆ-ի գիտությամբ և համատեղ որոշմամբ, ՊՆ-ն հայտարարում, որ «ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և այն իրականացնելու ընթացքում նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի»:
ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել, ավելացնելով, որ «ՈՄԱ»-ի հիշյալ նախաձեռնությունն, ինչպես նաև առհասարակ որևէ դրամահավաք ՊՆ-ի հետ համաձայնեցված չէ։
Մի կողմից կա ՊՆ արձագանքը, մյուս կողմից «ՈՄԱ»-ի պնդումը ու այս պարագայում ավելի շատ տպավորություն է ստեղծվում, որ այս թեման, այնուամենայնիվ, քննարկվել ու համաձայնացվել է, բայց դժվար է ասել, թե իշխանական որ կաբինետում և կոնկրետ ում հետ, համենայդեպս ՊՆ-ի տեղեկացմամբ` ոչ իր:
Սակայն ծրագրի դրամահավաքային ու կազմակերպչական բաղադրիչն ու ծավալը հաշվի առնելով, դժվար թե իշխանության որևէ օղակի հետ դա համաձայնեցված չլիներ:
Ի դեպ, «ՈՄԱ»-ի այս ծրագիրը թաղելու համար իշխանությունը դաշտ է նետել Անդրանիկ Քոչարյանին, ով անդրադառնալով առաջնագծում ինժեներական աշխատանքների իրականացմանը, նշել է, որ չեն կարող ներկայացնել պաշտպանական գծերի աշխատանքների մեծ ծավալը` ոչ թե ՈՄԱ հողաթմբերը, այլ հիմնական կառույցները, որոնք էֆեկտիվ բարձրացնում են զինվորի կյանքի անվտանգությունը:
Անդրանիկ Քոչարյանը նաև հայտնի է նրանով, որ լավ գիտի, թե որ թեման ինչպես տապալի:
Հենց միայն իր հայտնվելն ու ինչ-որ թեմային անդրադառնալը` լավո՞վ, թե՞ վատով, արդեն իսկ ունակ է վարկաբեկել նույնիսկ առաջին հայացքից տպավորիչ թվացող ցանկացած նախաձեռնություն:
Նրան իշխանության մեջ հենց դրա համար էլ պահում և կիրառում են:
Ինքս չեմ տիրապետում «ՈՄԱ»-ի կողմից իրականացվող աշխատանքների նախագծին ու դրա բնույթին` պարամետրերից մինչև որակ, բայց այս թեման առաջին պլան բերեց իշխանության տարբեր թևերի հակասություններն ու ինտրիգները»: