Լուրեր
16-ամյա Սամվելին ազատությունից զրկել են, որովհետև նա ոչ մի կերպ չի համակերպվում Արցախի` իր հայրենի օջախի կորստի հետ. Տիգրան Աբրահամյան
01.11.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր գործընկեր Քրիստինե Վարդանյանի հետ տեսակցել ենք մի քանի օր առաջ կալանավորված և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված 16-ամյա Սամվել Միրզոյանին:
Սամվելն անչափահաս է, արցախցի, ում զոհված հայրը զինված ուժերի փոխգնդապետ է եղել:
Վերջինիս ազատությունից զրկել են, որովհետև նա ոչ մի կերպ չի համակերպվում Արցախի` իր հայրենի օջախի կորստի հետ, ով չի ներում իշխող քաղաքական ուժին և անձամբ Նիկոլին` Արցախը հանձնելու և արցախցիներին դավաճանելու համար:
Հայաստանյան այսօրվա իրողությունների պայմաններում, օրինաչափ է դարձել այն անձանց կալանավորումներն ու քրեական գործերով ներգրավելը, ովքեր չեն համակերպվում փաշինյանական իշխանության թելադրած խաղի կանոններին ու ապօրինի գործողություններին»: