Լուրեր
Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները համատեղ ականներ են շարել Արցախի հարցի ակտիվացման բոլոր ճանապարհներին․ Տիգրան Աբրահամյան
30.10.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում, այդ թվում` արցախցիների վերադարձ իրենց հայրենի օջախներ, բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի:
Ադրբեջանն արցախցիների հարցը դիտարկում է Սյունիքում ադրբեջանցիների տեղավորման համատեքստում` սպառնալով, որ հակառակ դեպքում կոշտ միջոցների կդիմի:
Հիշեցնեմ, որ ադրբեջանցիների` Հայաստան և, մասնավորապես, Սյունիք տեղափոխելու օրակարգն Ադրբեջանը զարգացնում էր դեռ նախորդ տարի, երբ ՀՀ իշխանությունը հավաստիացնում էր, թե պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ադրբեջանցիները երկկողմ օրակարգում նորանոր պահանջներ էին դնում, որն, ի դեպ, սահուն միջազգային քննարկումների դաշտ էր մտնում հայաստանյան իշխանության հանցավոր անտարբերության պայմաններում:
Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները համատեղ ականներ են շարել Արցախի հարցի ակտիվացման բոլոր ճանապարհներին, որն անցնում է շանտաժի և սպառնալիքի ուղեկցությամբ»: