Լուրեր
Երբ Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք է ոչ թե զերծ մնալ գնումներից, այլ թեման հնարավորինս փակ պահել․ Տիգրան Աբրահամյան
23.10.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ֆրանսիայի կողմից հնարավոր սպառազինությունների մատակարարման թեման ունի առանձնահատկություններ և թեմայի հետ կապված բաց քննարկումները, հայտարարությունները պետք է ճիշտ հաշվարկել:
Որոշ դեպքերում նման հայտարարությունները կարող են ծառայել ռեգիոնում ուժերի հավասարակշռության ապահովմանը կամ հնարավոր ագրեսիայի զսպմանը:
Բայց կարող են նաև որոշակի գործընթացներ արագացնել և ռիսկերի կառավարման խնդիրներ առաջ բերել:
Հայաստանը նախորդ փուլերում` մինչև 2018 թվականը, մեծ թվով սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերման ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերել նաև դրա` որոշ ժամանակ գաղտնի պահելու մասով:
Դա տարբեր խնդիրներ է լուծել` հակառակորդի համար անկանխատեսելիությունից մինչև մատակարարումների անխափան իրականացում:
Մի քանի առիթով, օրինակ` նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր, որ իր համար կարևորն եղել է շահեկան գներով, շատ դեպքերում` անվճար, ռազմական գնումների իրականացումը, քան դրա վրա քարոզչություն կառուցելը և մեծ առումով, դա աշխատել է:
Այս փուլում, երբ Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք է ոչ թե զերծ մնալ գնումներից, այլ թեման հնարավորինս փակ պահել»: