Լուրեր
Այն չափանիշներն ու նշաձողը, որն այս պահին դրված է Զինված ուժերում ատեստացիայի իրականացման գործընթացում, իր հիմնական նպատակին չի ծառայում․ Տիգրան Աբրահամյան
20.10.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այն չափանիշներն ու նշաձողը, որն այս պահին դրված է Զինված ուժերում ատեստացիայի իրականացման գործընթացում, իր հիմնական նպատակին չի ծառայում:
Այս պահին կան զինծառայողներ, որոնց հաջողվել է քննությունները հանձնել և աշխատավարձի բարձրացում ունենալ, սակայն սա իր հետ` տարբեր գործոններով պայմանավորված, մեծ հիասթափություններ և ծառայությունից զորացրումների է բերել:
Ատեստացիայի գործընթացի դրական/բացասական գործոնների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծրագիրն իր հիմնական նպատակին չի ծառայել և սրա անփոփոխ մնալը բանակում շատ ավելի ծանր հետևանքների է հանգեցնելու:
Կա՞ այս հարցում առաջ քայլ արձանագրելու հնարավորություն` այո´, իսկ կանե՞ն` չի երևում, համենայնդեպս փորձադաշտի վերածված բանակում արդեն մեկ տարի է ատեստացիայի գործընթացը դադարներով ընթանում է, իսկ սպասված արդյունքը չկա:
Այստեղ արագ արդյունքի հասնելու հնարավորություն կա, սակայն պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել դրա անցկացման մի տարբերակ, որն ավելի շատ վնաս է բերում, քան հնարավորություն»: