Լուրեր
Ադրբեջանն իր տարածքային հավակնությունների իրացման հերթական ռաունդի մասին է գուժում․ Տիգրան Աբրահամյան
15.10.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է «Político» հանդեսում լույս տեսած ու մեծ քննարկումների հանգեցրած` «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակմանը, որով, ըստ էությամբ, ո´չ հերքել է, ո´չ էլ հաստատել այդ կանխատեսման հնչեցման հանգամանքը:
Չնայած այն հանգամանքին, որ պետքարտուղարությունն ուժի կիրառումն անընդունելի է համարում, միևնույն ժամանակ պատմությունը ցույց է տալիս, որ ոչինչ չի արվում պատերազմները կանխելու համար:
ԱՄՆ-ի կարգի պետություններից սպասումը կանխատեսում, իսկ հետո ցավոտ արձանագրումներ լսելը չէ, եթե կոնկրետ հակամարտություններում սկզբունք է հռչակվում ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, ապա դա պետք է բոլոր միջոցներով ապահովել:
Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանն ու Արցախը ադրբեջանական ագրեսիայի են ենթարկվել` լոկալից մինչև լայնամասշտաբ ռազմական գործողություններ, սակայն հիմնական դերակատարները շարունակում են խոսել ուժի չկիրառման մասին, բայց դրան որևէ լուրջ գործողություն չի հետևում:
Դրան զուգահեռ, Ադրբեջանն իր տարածքային հավակնությունների իրացման հերթական ռաունդի մասին է գուժում և դա բնական է դարձել այն տեսանկյունից, որ մի կողմից նրա առաջ փաշինյանական ռեժիմն է` իր միակողմանի զիջումների օրակարգով, մյուս կողմից, որպես երրորդ կողմ հանդես են գալիս երկրներ, որոնց համար սկզբունքներ ասվածը պահպանվում է, երբ դա նրանց է անհրաժեշտ լինում»: