Լուրեր

Զուտ՝ մի դիտարկում-խնդրանք․ Մարգարիտ Եսայան

13.10.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Զուտ՝ մի դիտարկում-խնդրանք
 
Մի  շարք  լրատվամիջոցների եթերներում  ակամա նկատեցի, որ երբ  ընդդիմադիր, ավելի հստակ՝ ՀՀԿ ներկայացուցչի են հրավիրում հարցազրույցի, իբր փորձում են «հարցախեղդ> անել եւ  նույն հարցը տարբեր լրատվամիջոցներ տարբեր  ռակուրսներից հնչեցնում են։ Հարցի միտքը հետեւյալն է՝   ընդդիմությունը Արցախի Հանրապետության   վերջին նախագահ Շահրամանյանին շնորհավորել է նախագահ ընտրվելու կապակցությամբ  հետեւաբար՝ պատասխանատու եւ մեղավոր է «Արցախի անկման> համար։ Իշխանությունը չի շնորհավորել, ուրեմն մեղավո՞ր չի։ 
 
Ու   ապշում եմ, որ   որոշ «հայտնի» լրագրողներ  «մոռանում են», որ «Արցախի անկումը» սկսվեց ոչ թե   նրա վերջին նախագահից, այլ՝ 2018-ից, ավելի խորացավ 2020-ին, իսկ ավելի  սահմռկեցուցիչ դարձավ արդեն 2022-ի դեկտեմբերի 13-ից, երբ փակվեցին Արցախ տանող եւ Արցախից դուրս եկող բոլոր ճանապարհները, երբ  գրեթե   10 ամիս շարունակ 120 հազար արցախցի՝ կին, մանուկ,  ահել-ջահել, ծեր-հիվանդ, բոլոր հայերը մնացին առանց  սննդի, դեղորայքի, առանց  ամենապարզ   կյանքի համար անհրաժեշտ պարագաների, երբ հղիներ եւ ծերեր էին ուշաթափվում ու մեռնում հացի հերթերում ու փողոցներում․․․
 
Չշարունակեմ, որովհետեւ էս ամբողջ   ողբերգության մասին գրելն անգամ  տաժանակիր գործ է․․․Ինչեւէ, ասած   հետեւյալն է․   տպավորություն ունեմ,  որ  էդ հարցը   գրվել եւ ապա տիրաժավորվել է  նույն  կենտրոնից ու կրկնելով   հարցը իբր փորձ է արվում  «Արցախի անկման» մեղավորին գտնել, թե բա էդ վերջինը եկավ-ստորագրեց, Արցախն էլ դատարկվեց, դուք էլ ողջունել եք այդ մարդուն, ուրեմն  դուք եք մեղավորը «Արցախի անկման»  համար։ Ու, դուք, հարգելի լրատվամիջոցներ/որոշներին իրոք հարգում եմ/ կարծում եք  գտել եք ձեր հարցազրույցների «կանյո՞կը»՝   կարծում եք շա՞տ  խելոք հարց եք հնչեցնում․․Մտածեք, սիրելիներ, կուլ մի տվեք խայծը, եւ  , քանի որ շատերիդ անձամբ գիտեմ, գիտեմ նաեւ, որ դուք  բոլորից լավ գիտեք թե ով   է «Արցախի անկման» մեղավորը։ Գիտեք, էն էլ, ոնց գիտեք։   Գիտեք նաեւ թե ի՞նչ պայմաններում է  ստորագրվել  այդ չարաբաստիկ թուղթը։ Գիտեք նաեւ, որ Արցախը միտումնավոր հասցվեց անդառնալիության  կետի։ Գիտեք։  «Արցախի անկման» միակ մեղավորն ու պատասխանատուն մեկ  անձ է, եւ նրա անունը, ցավոք, դեռ   գրված է  մեր երկրի կառավարության ամենամեծ աշխատասենյակի դռանը։ 
 
Խնդրանքս՝ մի արեք, պարզապես մի արեք, որովհետեւ մեր երկիրը իր բնականոն հունից արդեն վեցերորդ տարին է դուրս է ընկել, եւ  ահռելի արագությամբ  գահավիժումը տեղի է ունենում։ Ուստի, զուտ սովորական, մանիպուլյատիվ, հերթական, հերթապահ հարցերի ժամանակը չի։ Մանավանդ, երբ, ի սկզբանե , հայտնի է թիվ մեկ մեղավորը, պատասխանատուն, հանցագործը եւ  թշնամին։ 
 
Հ․Գ․ Արդար չեմ լինի, եթե չասեմ նաեւ․ իրականում էս ամբողջ պատուհասի մեղավոր եմ նաեւ ես,   դուք,  յուրաքանչյուր հայ մարդ, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի,ամեն մեկս մեր մեղքի չափով, քանի որ  դեռ հանդուրժում ենք   թշնամու առկայությունը  մեր երկրի կառավարման վահանակի մոտ»։

← Վերադառնալ ցուցակին