Լուրեր
ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ․ Տիգրան Աբրահամյան
04.10.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է․
«Արցախի գործող, նախկին տարբեր պաշտոնյաների ձերբակալությունների և Բաքու տեղափոխելու մասին տեղեկատվությանը զուգահեռ արտաքին աշխարհը հիմնականում արձագանքում է հումանիտար օգնության կամ խաղաղության կեղծ կոչերի տրամաբանության ներքո:
ԱՄՆ պետդեպարտամենտը, ով ամիսներ առաջ անտեսում էր Ալիևի` ուժի կիրառման սպառնալիքները և խրախուսական կոչեր անում Արցախում «համաներում» տալու ադրբեջանական խոստումներին, հիմա ոչ մի ձայն չի հանում:
Որքան տեղյակ եմ` նույնիսկ Կարմիր Խաչը Բաքվում չի այցելել ձերբակալված/կալանավորված արցախցիներին` հասկանալու, թե նրանք ինչ վիճակում են` մարդասիրական իրավունքի նվազագույն տարրերը պաշտպանելու համար:
Ռուսական կողմը հայտարարություններ հնչեցնելիս կամ գործողություններ իրականացնելիս պետք է հստակ գիտակցի, որ եթե ինքը խնդիր ունի օրվա իշխանության կամ ինչպես իրենք են ասում` «ժամանակավոր վարչակազմի» հետ, ապա չպետք է գնան այնպիսի քայլերի, որի հետևանքով հայ ժողովուրդը տուժի:
Ձեր «ռազբիռատները» փաշինյանյանական իշխանության հետ արեք` դուք էիք նրանց ձեր գործընկերն ու բարեկամը համարում և ներկայիս ծանր վիճակը մնացածի վրա մի տարածեք:
ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ, որովհետև դրա հնարավորությունն ունի և խաղատախտակին նաև նրանց հեղինակության հարցն է դրված` ադրբեջանական լկտիությունները վկա»: