Լուրեր

«Սամվել Բաբայանին լավ էլ ճանաչել են ու բաց են թողել, որ գա Հ1-ով նոր թշնամանքի ալիք բաց թողի, իսկ Ռուբենին թույլ չեն տվել գա, որ չպատմի, ճշմարտությունը». Արտակ Զաքարյան

27.09.2023

 «Սամվել Բաբայանին երեւի բաց են թողել թուրքերը, որ գա Հ1-ով նոր թշնամանքի ալիք տարածի հայ ժողովրդի մեջ: Բայց փոխարենը Ռուբեն Վարդանյանին բռնում են, որ չգա ճշմարտությունն այստեղ պատմի, թե ով ինչ է արել»,- Aravot.am-ի հետ զրույցում ադրբեջանցիների կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առեւանգման հետ կապված այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Հարցին՝ տարակուսելի չէ՞ր, որ Սամվել Բաբայանն ասում է՝ ինքը առանց «մասկիրովկայի», ժպիտով, անգամ ադրբեջանցի ոստիկաններին ձեռքով բարեւելով անցել է Հակարիի կամրջով, նրան չեն ճանաչել, այն դեպքում, երբ անգամ արցախցի Վագիֆ Խաչատրյանին էին ձերբակալել՝ Սամվել Բաբայանի վարորդի տեղը դնելով, իսկ Ռուբեն Վարդանյանին անմիջապես առեւանգել են Արցախից գալիս՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Նրան լավ էլ ճանաչել են ու բաց են թողել, որ գա Հ1-ով հայ ժողովրդի վրա նոր թշնամանքի ու թարախի ալիք բաց թողի, իսկ Ռուբենին թույլ չեն տվել գա, որ չպատմի, ճշմարտությունը չիմանա ժողովուրդը»: Հարցին՝ նոր բա՞ն պիտի բացահայտեր Ռուբեն Վարդանյանը՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Բացահայտումները շատ-շատ կլինեին, վստահ եմ, որ շատերը ասելիք ունեն եւ այդ ասելիքները Նիկոլի վրա դառնալու են շատ ծանր բեռ, դրա համար ամեն կերպ թուրքերն օգնում են Նիկոլին»: Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Արցախի գործող եւ նախկին իշխանությունները ռուսական ФСБ -ի հրահանգներն են կատարում, նրանց «շպիոններն» են. «Ռուսաստանի ФСБ -ն զանգում է Արայիկ Հարությունյանին, ասում է՝ իմ մյուս շպիոնները, նախկին նախագահները ինձ զեկուցել են, որ շատ ես խաբում: Արայիկ Հարությունյանին դրա համար փոխել են: Ամսի 9-ի գիշերը ինձ հրավիրում են պառլամենտ քաղաքական 4 ուժ եւ Դավիթ Իշխանյանը, ասում են՝ Բաքվից հրահանգ ենք ստացել՝ եթե դուք ընտրեք էսինչին նախագահ, մենք ուժ ենք կիրառելու: Իրենք հինգով հավաքված, ինձ ասում են՝ մենք վերցնում ենք մեր վրա՝ Արթուր Հարությունյան, պետնախարարը, Աշոտ Ղուլյան, Հակոբ Հակոբյան, չորրորդը՝ Արթուր Թովմասյանը: Ասում են՝ ձեզ էլ ասում ենք, որ հավաքներ չանեք: Հիմա հասել ենք այնտեղ, ուր հասել ենք, մեր ժողովուրդն արդեն փախստական ա, չկա: 22 դեպուտատի հետ այս 4-5 հոգին, նաեւ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնի այս խումբը: Իրենք կռվից հետո հայտարարություն են տարածել, որ Հայաստանը իր բանակը պետք է հանի: Հայաստանը այնտեղ բանակ չունի, ի՞նչ պիտի հանի, էդ տեքստը ո՞վ է գրել, ես գիտեմ, ռուսական կողմն է գրել, տվել, որ Հայաստանին մտցնի խաղի մեջ, որ չի կատարել իր պարտականությունը, Ադրբեջանը դրա համար հարվածներ է հասցրել: Էս խելոքները գնացել են դրան, մի ամբողջ զենք հանձնել են Ադրբեջանին, դա հանցագործություն չի, ի՞նչ է: Ինձ էլ ասում են՝ մնա, որ հանցագործության մաս դառնաս: Սա համարեք հաղորդում, նրանք հենց ՀՀ տարածք մտնեն, թող գան դատարանում ցուցմունք տան: Էդ շայկան պիտի անհապաղ ձերբակալվի, թող բացատրեն ում գործակալներն են»:

Սամվել Բաբայանի այս հայտարարություններին Արտակ Զաքարյանն արձագանքեց. «Հիվանդ մարդկանց զառանցանքները չեն կարող մեկնաբանության ենթարկվել: Իրենք բոլորը պատասխան են տալու, Սամվել Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանի հավելվածի տեսքով՝ այս ողբերգությունն ու այս կործանումը բերելու ժողովրդի գլխին, այ դրա համար: Սամվել Բաբայանին բաց են թողել, կամ ինքը կարողացել է անցնի, ենթադրում եմ, որ գա Հ1: Արցախի այս վիճակում չեն գալիս էդպես Հ1-ում լայն ժպիտով թույն ու թարախի, թշնամանքի նոր ալիք ստեղծում ու հորդորում ձերբակալել: Ադրբեջանին հորդորել է ձերբակալել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

aravot.am



← Վերադառնալ ցուցակին