Լուրեր

«Մենք ինտենսիվ՝ 24/7 ռեժիմով զբաղվում ենք խնդիրների լուծման ուղղությամբ». Հենրիխ Դանիելյան

27.09.2023

 «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտական կապի մեջ է եղել արցախահայության հետ։ Մեր երիտասարդական կազմակերպությունն Արցախի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ կապի մեջ է եղել միշտ և այժմ էլ կապի մեջ է։ Հիմա ճշտում ենք ու կապի մեջ ենք նաև մեր տեղահանվող հայրենակիցների հետ, փորձում ենք հասկանալ՝ իրավիճակն ինչպիսին է։ Առաջարկել ենք տրամադրել տրանսպորտային միջոցներ Սիսիանից, Գորիսից կամ այլ բնակավայրից տեղափոխվելու համար»,- այս մասին 168.amի հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող են անել արցախահայության համար։

Հենրիխ Դանիելյանը նաև ասաց, որ փորձում են վերլուծել ու հասկանալ հումանիտար խնդիրները, այսինքն՝ կեցության, սոցիալական, հոգեբանական աջակցության հարցերը։ Հետևաբար՝ այդ վերլուծությունների արդյունքում ՀՀԿ-ն ավելի լայնամասշտաբ քայլեր ձեռնարկելու համար կապի մեջ է Արցախի հայրենակիցների հետ։

 

«Հետադարձ կապի մեջ ենք արցախահայության, մեր քույրերի ու եղբայրների հետ։

Մենք հիմա նախնական գնահատել ենք իրավիճակը բնակարանների, տեղափոխման հետ կապված, առանձնացրել ենք այն ընկերություններին, որոնք արժանահավատ են և պատրաստակամություն են հայտնել նորմալ պայմաններով տրամադրել կեցավայր։ Կրկնում եմ՝ մենք բոլոր ուղղություններով, թե՛ առողջական, թե՛ սոցիալական, կապի մեջ ենք  մեր երիտասարդների ու տարեցների հետ։ Նաև կապի մեջ ենք տարածքային կառույցների հետ՝ թե՛ մարզային, թե՛ Երևանի։ Ինտենսիվ՝ 24/7 ռեժիմով զբաղվում ենք խնդիրների լուծման ուղղությամբ»,- հավելեց Հենրիխ Դանիելյանը։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ մարդիկ մեկնում են Գորիսից կամ Սիսիանից, յուրաքանչյուրը՝ տարբեր ուղղությամբ, հստակ որևէ հավաքատեղի չկա։

«Խոսել եմ մարդկանց հետ, շատ ծանր վիճակ է, մարդիկ հոգեբանորեն վատ վիճակում են, քանի որ 9 ամիս բլոկադայի մեջ են ապրել և 21-րդ դարում ականատես են եղել ցեղասպանության։ Ամեն մեկի ընտանիքում կորուստ կա, մի կերպ հասել են իրենց երկրորդ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն։ Պետք է մենք կարողանանք բժշկական աջակցություն ցուցաբերենք այն մարդկանց, ովքեր այդ ամենը տեսել են։

Բռնի տեղահանված արցախցի երիտասարդների համար ունենք անվճար անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի դասընթացներ, նաև հատուկ բլոգ ենք ստեղծել, որը զբաղվելու է նրանց համար համապատասխան աշխատանք գտնելու ուղղությամբ։ Մենք այս պահին հավաքագրում ենք տվյալներ, որպեսզի կարողանանք լուծել նրանց խնդիրները կուսակցության ունեցած հնարավորությունների շրջանակներում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև ընդգծեց՝ ՀՀԿ-ի Սիսիանի և Գորիսի տարածքային կառույցները 24-ժամյա ռեժիմով կապի մեջ են և կամավորության շրջանակներում քայլեր են ձեռնարկում մարդկանց օգնելու համար՝ ժամանակավոր տեղավորելու համար, մինչև կգտնեն կեցավայր։

Նազելի Ստեփանյան

168.am

← Վերադառնալ ցուցակին