Լուրեր
Դարի հանցագործությունը. Արտակ Զաքարյան
25.09.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
«Դարի հանցագործությունը
Բոլոր տիպի ուժային կառույցների լեյտենանտից մինչև գեներալ գնդապետներ,
Գիտության և կրթության տարբեր ոլորտների` ասպիրանտից մինչև դոկտոր-պրոֆեսորներ,
Բիզնես ոլորտների սկսնակ ձեռներեցից մինչև հայտնի միլիոնատերներ,
Օրդինատորից մինչև կլինիկայի ղեկավարներ,
Նախկին պաշտոնյաներից մինչև ներկա ազգադավ կապիտուլյանտներ,
Գրողներ, լրագրողներ, մանկավարժներ, վաստակավոր արտիստներ, արվեստի և մշակույթի գործիչներ, իրավունքի ոլորտի մասնագետներ...
Դուք բոլորդ ունեք հանրային կարգավիճակ, ունեք կրթություն, մասնագիտական ուղի, հանրային կարծիք ձևավորելու, բողոքի գործողություններ անելու իրավունք և հնարավորություն: Բայց դուք գերադասում եք ձկան պես լռել ու ջայլամի պես գլուխներդ հողի տակ մտցնել:
Դուք բոլորդ անխտիր, կարճ ժամանակ հետո, անկախ ձեր կամքից, համարվելու եք նիկոլի հանցակիցներ` հենց նիկոլի կողմից: Նիկոլը ձեզ բոլորիդ ծախելու է ու դարձնի իր հանցակից: Նա դա անելու է մեծ սիրով, և շատ ճիշտ է անելու, որովհետև դա այդպես է: Անտարբերությունն ամենամեծ հանցանքն է:
Բացի այդ, դուք պատմության առջև համարվելու եք Արցախը հանձնած (վաճառած) սերունդ, որովհետև ոչ թե Նիկոլն է այդպես որոշել, այլ որովհետև դուք եք թույլ տվել:
Պատմության մեջ կարմիր թելով անցնելու է այս միտքը. «Նիկոլը չէր կարող հանձնել Արցախը և չէր սպանի հազարավոր երիտասարդ կյանքեր, եթե Հայաստանում, իրեն հարգող քիչ թե շատ նորմալ մարդիկ, թույլ չտային նրան դա անել: Նիկոլի հետ հանցակից է եղել նաև հայ մտավորականությունն ու իրեն գիտակից համարող յուրաքանչյուր հայ»:
Նայում եմ այսօրվա Երևանին, ու համոզվում, որ նրանում շատ քիչ մարդ է ապրում,որոնց էլ ցանկանում է վերջնականապես սպանել վայրենի ոստիկանությունը:
Աստծուց տրված Արցախը հայ ժողովրդին ծառայել է որպես սրբազան հայրենիք: Արցախն այսօր մեռնում է` հայ ժողովրդի առջև իր սրբազան պարտքը կատարած:
Իսկ հայ ժողովուրդն ապրելու է` սեփական հայրենիքը դավաճանածի ամոթալի խարանով»: