Լուրեր
Նիկոլին չագուչը, ասֆալտը չօգնեց․ Շարմազանով
18.09.2023
Ակնհայտ է, որ ՔՊ-ն գահավիժում է, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վստահության պաշարը նույնիսկ իր արևմտյան, թուրքական հովանավորների մոտ պակասում է։ Պատահական չէ, որ ոչ միայն ազգային ուժերն են խիստ քննադատում Նիկոլ Փաշինյանին և պահանջում նրա հրաժարականը, վերջին շրջանում տեսանք, որ նաև դրսի ուժերն են Փաշինյանին առանց աթոռի ուզում տեսնել։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով երեկ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրության ու դրա արդյունքերի մասին։
«Փաշինյանը աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների համար անպետք է։ ՔՊ-ն ձախողեց, բայց այլ սցենարները մեզ համար ևս կասկածելի են, չգիտենք, թե Նիկոլի հեղափոխական խաղաքարտերը ինչպես կդասավորվեն։ Ես չեմ բացառում, որ նույնիսկ Ավինյան չառաջադրեն, մեկ ուրիշ թեկնածուի առաջադրեն։ ՔՊ-ն չունի լեգիտիմություն, սպառել է իրեն։ 181 հազար ձայն էին հավաքել նախորդ ընտրություններին, հիմա 75 հազար ձայն է հավաքում։ Էն, որ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին ձայն էր աղերսում, ասում էր՝ սա Հայաստանի անվտանգության համար է, ասֆալտ էր կերցնում, բորդյուր էր լիզել տալիս, չաշխատեց: Էդ 2018-21 թվականն էր, որ չագուչ ու ասֆալտով ձայն էր հավաքում, ակնհայտ է, որ առաջին անգամ Նիկոլի չագուչն ու ասֆալտը չի աշխատել։ Ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի տեղ ատելության քարոզով ձայներ էին կուտակել, բայց սա մշտական չէր, իրենք դա չէին գիտակցում»,-ասաց նա։
Հարցին՝ ավագանի ընտրված ընդդիմությունը հուսադրո՞ղ է, թե ոչ, վերջինս պատասխանեց, որ սա համայնքային ընտրություն է և իր խոսքով՝ Նիկոլ Փաշինյանից ազատվելն այս ընտրությամբ չի որոշվելու։
«Նիկոլը արհավիրք է, բայց վստա՞հ եք, որ նրանից հետո ավելի վատը չի գա։ «Հանրապետություն» կուսակցությունը ընդդիմություն չէ, այդ կուսակցության նախագահը ՔՊ-ից լավ է Նիկոլին պաշտպանել, պատերազմից հետո Արամ Սարգսյանից լավ ոչ մեկը Նիկոլին այդքան չի պաշտպանել։ Արամ Սարգսյանի եղբոր՝ Վազգեն Սարգսյանի կյանքի նպատակը Շուշին հայկական պահելն էր, Նիկոլը Շուշին հանձնեց, Արամ Սարգսյանը ծպտուն չհանեց, Արտակ Զեյնալյանն էլ հետը։ Հայկ Մարությանը որպես քաղաքական գործիչ նոր է մտնում խաղի մեջ, շատ խորը ազգային կարծիքներ չի հայտնել, բայց մի դրական բան եմ տեսել, երբ խոսել է Արցախի ինքնորոշման մասին։ Ես հիմա անհատական գնահատականներ չեմ ուզում տալ։ Ես համարում եմ, որ մեզ համար դաշնակից են բոլոր այն կուսակցությունները, որոնք կիսում են մեր գաղափարները։ Ինձ համար ատելությունը, հայհոյանքը քաղաքական կատեգորիաներ չեն, մի օր ստեղ, մի օր ընդեղ։ Իրականում, եթե ՀՀԿ-ն համարեր, որ այս ընտրությամբ ամբողջական իշխանափոխության հնարավոր է հասնել, ապա մենք կմասնակցեինք դրան»,-ընդգծեց Շարմազանովը։
Լիաննա Թորոսյան
mediahub.am