ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. ՀՀԿ–ականների կողմից համացանցում հրապարակված անվավեր քվեաթերթիկներն ու ընդհանրապես քվեաթերթիկն անվաներ դարձնելը յուրաքանչյուրի քաղաքական դիրքորոշումն է և որևէ ուղղորդում չունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ համացանցում Հանրապետական կուսակցության համախոհները հրապարակում են իրենց անվավեր քվեաթերթիկները` տարբեր գրություններով։ Դրանցից մն քանիսն իր էջում հրապարկել է նաև Շարմազանովը։ Անվավեր դարձած քվեաթերթիկների վրա գրված է «Աշոտյան, քաղբանտարկյալ», «Նիկոլ, դավաճան»։
Ինքը` Շարմազանովը, Երևանի գրանցում չունի, հետևաբար նաև չի կարող մասնակցել ընտրությանը, սակայն իրենց համախոհների կողմից ընտրությանը մասնակցելը և քվեաթերթիկն անվավեր դարձնելն էլ սխալ չի համարում։
«Մեր կուսակցության որոշ ընկերներ նման ձև են ընտրել, բայց պնդել, որ դա արել են միայն հանրապետականները, ես չէի ասի։ Մարդկանց իրավունքն է` ինչպես քվեարկել։ Մարդիկ իրենց քաղաքական դիրքորոշումն են հայտնում։ Մեկը գրում է` «թուրք, դավաճան», մեկը գրում է «Աշոտյան, քաղբանտարկյալ»... Նմանատիպ դեպքեր միշտ են եղել մեր ընտրությունների ժամանակ, միշտ ինչ-որ մեկը գրել է քվեաթերթիկի վրա։ Եթե մտածում եք` սա ուղղորդված է` ոչ, ուղղորդված չէ։ Եթե գտնում եք՝ բոլոր անվավեր քվեաթերթիկները հանրապետականներն են արել, ես այդ կարծիքին չեմ»,–ասաց ՀՀԿ–ական գործիչը։
Շարմազանովը վստահեցնում է, որ քվեաթերթիկն անվավեր դարձնելը չի կարող դիտարկվել որպես օգնություն «Քաղաքացիական պայմանագրին», չի կարող այդ տոկոսները աշխատել հօգուտ իշխող ուժի և չի կարող համեմատվել ընտրությանը չմասնակցելու հետ։
Նա հիշեցրեց կուսակցության հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ.
«Մենք կոչ ենք արել մեր համախոհներին ընտրությանը մասնակցելու պարագայում առաջին հերթին ձայն չտալ ՔՊ–ին, և ձայն տալ այն ուժին, որոնք գործում են իրական ազգային ընդդիմադիր դաշտում»,–հավելեց նա:
armeniasputnik.am