Լուրեր

Հայաստանի ու Արցախի շուրջ լարվածությունը պահպանվում է․ Տիգրան Աբրահամյան

14.09.2023

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի ու Արցախի շուրջ լարվածությունը պահպանվում է, ավելին` Ադրբեջանը ոչ միայն մտադիր չէ սահմանագծի հարակից հատվածներում անցկացվող զորավարժություններն ավարտել, այլ արդեն խոսվում է նորերի մասին:

Ընդ որում` խոսք է գնում նաև բազմակողմ զորավարժությունների անցկացման մասին, որի մասնակիցների մոտավոր կազմը կարելի է պատկերացնել:
Ստեղծված օպերատիվ իրադրությանը ծանոթանալու նպատակով այսօր այցելել եմ առաջնագիծ, ծանոթացել զարգացումների ընդհանուր դինամիկային, զրուցել մեծ թվով զինծառայողների, տարբեր օղակների հրամանատարների հետ:
 
Հատկապես այս օրերին թշնամու բոլոր շարժերին պետք է խոշորացույցով հետևել, մանրամասն վերլուծել նրանց ցանկացած գործողություն և վարքագծային փոփոխություն:
 
Նույնը վերաբերվում է նաև տեղեկատվական դաշտում Ադրբեջանի իրականացրած քաղաքականությանը, որին ոչ միայն պետք է հակազդել, այլ դրանց հիման վրա որոշակիորեն կանխատեսելի դարձնել ադրբեջանական մտահղացումները»:

← Վերադառնալ ցուցակին